Կասկադյորական ավտովթար Երևանում. Mercedes-ը Խանջյան-Վարդանանց թունելի վրա հայտնվել է բազալտե քարի վրա՝ հավասարվելով Վարդան Մամիկոնյանի ձիուն.
Այսօր՝ ապրիլի 26-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Mercedes E320 մակնիշի 03 QQ 040 համարանիշի ավտմեքենայի վարորդը Խանջյան փողոցից դեպի Վարդանանց փողոց մտնելիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Խանջյան-Վարդանանց փողոցները կապող վերգետնյա թունելի բետոնե եզրաքարերին և մասամբ հայտնվել եզրաքարերի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Հարություն Գրիգորյանն ու Դավիթ Եսոյանը: Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ, բարեբախտաբար, ավտոմեքենան թունելի վրայից չի ընկել ցած, քանի որ բարձրությունը 3,5 մ է, սակայն մի քանի բազալտե քարեր կոտրվել ու թափվել են ներքև ու երջանիկ պատահականություն է, որ այդ պահին թունելի միջով ավտոմեքենաներ չեն անցել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: