Կառավարության որոշմամբ կհամալրվի ոստիկանության սպառազինությունը. նախագիծն արդեն շրջանառության մեջ է

Sparazinutyun

 Կառավարությունը նախատեսում է վերանայել ու համալրել ոստիկանության սպառազինության ցանկը: Որոշման նախագիծն արդեն շրջանառության մեջ է: Ըստ այդմ, նախատեսված է ոստիկանության սպառազինության մեջ հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների նոր տեսակներ ընդգրկել, որոշներն էլ՝ հանել:

Նախագծի համաձայն՝ ոստիկանությունն իր սպառազինությունների մեջ այսուհետ ունենալու է Մակարովի ատրճանակ, Ստեչկինի ավտոմատ գնդացիր, Կալաշնիկովի ինքնաձիգ, դիպուկահար հրացան, 7.62մմ, 5,45մմ տրամաչափի Կալաշնիկովի ձեռքի գնդացիր, ձեռքի հակատանկային նռնականետ:

«Նախագծի ընդունման նպատակն է ապահովել ՀՀ վարչապետի 15.08.2019թ. «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 1129-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 3-րդ կետի կատարումը և գործող կարգը համապատասխանեցնել «Ոստիկանության մասին» օրենքին, մասնավորապես՝ հստակեցնելով իրավական ակտի նորմատիվ հիմքը»,- նշված է որոշման հիմնավորման մեջ:

Ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է ապրիլի 27-ից մինչև մայիսի 12-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում:

Հեղինակ`Արման Գալոյան

Ձեզ կհետաքրքրի...