Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի հարցազրույցը Անդալուսիայի Grupo Joly լրատվական հոլդինգին

harcazruyc

Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հեռախոսով հարցազրույց է տվել  Անդալուսիայի Grupo Joly լրատվական հոլդինգին, որն ապրիլի 26-ին տպագրվել է հոլդինգի կազմի մեջ մտնող տեղական 9 օրաթերթերում` «Ցեղասպանության ժամանակ Ալֆոնսո 13-րդը պահանջել է ազատ արձակել հայ մտավորականներին» վերնագրով:

Հարց -Ինչպե՞ս է ազդել կորոնավիրուսի համաճարակը Հայաստանի  և Իսպանիայի միջև հարաբերությունների վրա:

Պատասխան— Չնայած միշտ չէ, որ դա հեշտ է, բայց մենք փորձում ենք պահպանել երկու երկրների միջև մշտական կապը: Վերջերս, օրինակ, Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարներն ունեցան բավականին արդյունավետ հեռախոսազրույց:  Իսպանիայի Կոնգրեսի և Սենատի նախագահների հետ  կապ է պահպանում նաև ՀՀ ԱԺ նախագահը: Բացի համավարակի հետ կապված մտահոգություններից, աշխատում ենք նաև պահպանել երկկողմ հարաբերությունների քաղաքական և տնտեսական օրակարգը:

Հարց— Իսպանիան նախատեսում էր ընթացիկ տարում դեսպանություն բացել Հայաստանում: Ճգնաժամը կստիպի՞ հետաձգել այդ որոշումը:

Պատասխան-Հայաստանն իր դեսպանությունն Իսպանիայում բացել է 10 տարի առաջ, ինչի շնորհիվ մենք կարողացել ենք ամրապնդել մեր հարաբերությունները: Անցած տարվա մայիս ամսին իսպանական կողմը տեղեկացրեց Հայաստանում իր դեսպանությունը բացելու մտադրության մասին: Քաղաքական որոշումն  արդեն կայացված է,  հերթը ֆինանսական հարցերի կարգավորմանն է: Համաճարակը, հավանաբար, կհետաձգի դրա իրագործումը, բայց ամենակարևորը քաղաքական որոշումն ունենալն է:

Հարց-Ինչպե՞ս եք գնահատում Իսպանիայում Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածությունը:

Պատասխան-Վերջերս ԱՄՆ-ում ի հայտ եկան փաստաթղթեր, որոնք  վկայում են այն մասին, որ թագավոր Ալֆոնսո 13-ը, որը՝ որպես չեզոք երկրի միապետ, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում մարդասիրական տարբեր գործունեություն է իրականացրել, պահանջել է ազատ արձակել Օսմանյան կայսրությունում ձերբակալված հարյուրավոր հայ մտավորականներից ոմանց: Ավելին, դիվանագիտական կորպուսի որոշ անդամներ, հատկապես Ստամբուլում, արեցին ամեն ինչ, որպեսզի այս միջնորդությունը հասներ սուլթան Մեհմեդ 5-ին: Նույն փաստաթղթերը, սակայն, նաև վկայում են, որ  Ալֆոնսո 13-ը այդպես էլ տեղեկություններ չունեցավ նրանց ճակատագրի մասին մինչև 1916թ. մայիսը, երբ շատերն արդեն մահապատժի էին ենթարկվել: Վերոնշյալը վկայում է այն մասին, որ իսպանացիները տեղեկություններ ունեն Հայոց ցեղասպանության մասին հենց դրա առաջին օրերից: Չնայած Իսպանիայի կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այնուամենայնիվ, 5 ինքնավար համայնքներ՝ Բասկյան երկիրը, Կատալունյան, Արագոնը, Նավառան և Բալեարյան կղզիները, ինչպես նաև 30-ից ավելի քաղաքներ դա արդեն արել են:

Հարց— Բայց Իսպանիայի խորհրդարանն արդեն երեք անգամ մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին ներկայացված միջնորդությունները:

Պատասխան-Իսպանիայում բնակվում են շուրջ 25-30 հազար հայեր, որոնք շարունակում են պահանջել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի: Եվ եթե համավարակը մեզ փողոց դուրս գալու հնարավորություն չտա, մենք դա կանենք մեր տներից, մեր դրոշով: Իսպանիայի հայ համայնքը ստեղծել է ֆեյսբուքյան էջ՝ Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակումների և ճանաչման համար: Շարունակում ենք աշխատել:

Հարց-Բացի Իսպանիայից, հնարավոր համարու՞մ եք Հայոց ցեղասպանության ավելի մեծ միջազգային ճանաչումը:

Պատասխան-Խնդիրը նրանում է, որ Թուրքիան, որը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իր ռազմավարական դիրքի և տնտեսական ներուժի միջոցով փորձում է կանխել նաև ցեղասպանության ճանաչումը մյուս երկրների կողմից: Չնայած դրան, Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը շարունակվում է: Անցած տարվա հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին ինչպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, այնպես էլ՝ Սենատը, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևեր ընդունեցին: Նույնը արել են նաև Եվրոպական խորհրդարանը, Վատիկանը և մի շարք այլ կառույցներ և երկրներ: Ցեղասպանության ճանաչմամբ մենք չենք կարողանա հետ վերադարձնել մահացածներին, բայց կկարողանանք վերականգնել պատմական արդարությունը: Սա է մեր ցանկությունը:

Հարց-Հայաստանը մշակութային գերտերություն է այնպիսի ոլորտներում, ինչպիսին երաժշտությունն է: Մշակույթը լավագույն դեսպա՞նն է:

Պատասխան-Իհարկե: Իսպանիայում դուք ունեք Հայաստանի լավագույն մշակութային դեսպանը՝ ջութակահար Արա Մալիկյանը, ով ծնվել է Բեյրութում՝ ցեղասպանությունից փրկված հայի ընտանիքում: Շառլ Ազնավուրը, որին անձամբ էի ճանաչում, միշտ ասում էր, որ իրեն զգում էր 100 տոկոսով հայ և 100 տոկոսով ֆրանսիացի:

Հարց-Լիահու՞յս եք, որ ճգնաժամից հետո զբոսաշրջության ոլորտը Հայաստանում կվերականգվի:

Պատասխան-Այո: Հայաստանը փոքր երկիր է՝ 30.000 ք. կմ տարածքով և 3 մլն. բնակչությամբ: Եվ տարեկան մենք ընդունում ենք մեկ միլիոն զբոսաշրջիկների: Մեզ համար դա բավականին լավ թիվ է: Վերջին տարիներին մեծ ներդրումներ են արվել ենթակառուցվածքների, հյուրանոցների և ռեստորանների կառուցման համար, բայց մեր առաջին գրավչությունը շարունակում է մնալ մեր պատմությունը: Հայաստանն առաջին երկիրն է, որ 301թ. ընդունել է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: Աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ գալիս են Հայաստան՝ տեսնելու մեր եկեղեցիները:

Հարց-Ինչպիսի՞ն է կյանքը դեպի ծով ելք չունեցող երկրում:

Պատասխան-Հայաստանը նախկինում ունեցել է ելք դեպի ծով: Եվ, իհարկե, եթե այսօր էլ ունենար, շատ ավելի հեշտ կլիներ ամեն ինչ:Բայց ծովի փոխարեն մեզ այդ հզորությունը տալիս է մեր սփյուռքը: Ցեղասպանության հետևանքով ներկայումս ամբողջ աշխարհում ապրում են 6-8 մլն. հայեր: Նրանք մեր կարևորագույն արժեքն են:

Հարցազրույցն իսպաներեն լեզվով տպագրվել է հետևյալ օրաթերթերում՝

https://www.diariodecadiz.es/entrevistas/Vladimir-Karmirshalyan-Embajador-Armenia-Espana_0_1458154781.html

https://www.diariodesevilla.es/entrevistas/Vladimir-Karmirshalyan-Embajador-Armenia-Espana_0_1458154781.html

https://www.eldiadecordoba.es/entrevistas/Vladimir-Karmirshalyan-Embajador-Armenia-Espana_0_1458154781.html

https://www.diariodealmeria.es/entrevistas/Vladimir-Karmirshalyan-Embajador-Armenia-Espana_0_1458154781.html

https://www.granadahoy.com/entrevistas/Vladimir-Karmirshalyan-Embajador-Armenia-Espana_0_1458154781.html

https://www.europasur.es/entrevistas/Vladimir-Karmirshalyan-Embajador-Armenia-Espana_0_1458154781.html

https://www.huelvainformacion.es/entrevistas/Vladimir-Karmirshalyan-Embajador-Armenia-Espana_0_1458154781.html

https://www.diariodejerez.es/entrevistas/Vladimir-Karmirshalyan-Embajador-Armenia-Espana_0_1458154781.html

https://www.malagahoy.es/entrevistas/Vladimir-Karmirshalyan-Embajador-Armenia-Espana_0_1458154781.html

Ձեզ կհետաքրքրի...