Չինաստանը կարող էր կանգնեցնել կորոնավիրուսի համաճարակը, բայց չի արել. Թրամփը հայտարարել է ապացույցների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Չինաստանը կարող էր կանգնեցնել կորոնավիրուսի համաճարակի տարածումը, սակայն դա չի արել: Ըստ Թրամփի՝ վիրուսի նախնական փուլը եղել է միայն Չինաստանում, եւ միանգամայն հնարավոր էր վիրուսը պահել սահմանների ներսում:
«Մենք Չինաստանի հետ առևտրային գործարք ենք կնքել, սակայն դա այժմ երկրորդական է վիրուսի շուրջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համեմատությամբ: Այս իրավիճակն անթույլատրելի է»,- ասել է Թրամփը:
Նա նաեւ հայտարարել է՝ տեղեկություն ունի, որով ենթադրվում է, որ կորոնավիրուսի առաջացման աղբյուրը չինական Ուհան քաղաքի լաբորատորիան է, որի մասին ինքն ապացույցներ ունի: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի նախագահը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել՝ ելնելով գաղտնիություն պահպանելու անհրաժեշտությունից:
Նշենք, որ Թրամփի այս խոսքերը հակասում են ԱՄՆ ազգային հետախուզության հայտարարությանը, որն ապրիլի 30-ին տեղեկացրել էր, որ համաձայն է «գիտնականների լայն կոնսենսուսի» հետ, որոնք կարծում են, որ կորոնավիրուսն արհեստական ծագում չունի և գենետիկորեն մոդիֆիկացված չէ:
ԱՄՆ նախագահը հավաստում է, որ ամերիկյան կողմը հնարավոր բոլոր տարբերակներով ուսումնասիրում է վիրուսի՝ Ուհանի լաբորատորիայում առաջանալու վարկածը և մտադիր է պարզել դրա ծագումը: Թրամփը Պեկինին սպառնացել է հետևանքներով, եթե պարզվի, որ Չինաստանը գիտակցաբար է թույլ տվել կորոնավիրուսի տարածումը: Նա հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով կարող է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ապրանքների ներկրման համար։
armtimes.com