Ինչո՞ւ են աշխատավարձերը բարձրացվել պարգևավճարի համակարգով․
ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՀՀ Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչ է կատարվել հետհեղափոխական 2019թ․-ին։
«Ըստ այդմ, կարևոր եմ համարում արձանագրել, որ 2019-ին հաջողվել է գրանցել 2008թ․-ից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7, 6 տոկոս, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, հարևան բոլոր երկրների և Եվրոպական տարածաշրջանի երկրների համար»,- նշեց վարչապետը։
Ըստ գործադիրի ղեկավարի՝ 2018-2019թթ․Կառավարությանը հաջողվել է պետական բյուջե հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշը ավելացնել 505 մլրդ դրամով։
«Գործընկերներ, սա ավելի քան 1 մլրդ դոլար է և բյուջեի ցուցանիշները այս առումով աճել են 43, 6 տոկոսով։ Ուզում եմ ընդգծել, որ մինչհեղափոխական շրջանում ես ասել էի, որ պետական բյուջեի եկամուտները մեկ, երկու տարվա ընթացքում պիտի աճեն 30-35 տոկոսով»,- ասաց նա։
Այս միջոցները օգտագործվել են տարբեր նպատակների համար, օրինակ՝ գերավճարների հարցը լուծել են՝ բիզնեսին պարտքերը վերադարձրել են, կապիտալ ներդրումներ են արվել, աշխատավարձեր են բարձրացվել, թոշակներ ու նպաստներ են բարձրացվել։ 2018թ․-ի մայիսից մինչև 2019թ․-ի ավարտը ՀՀ-ում ստվերից դուրս է եկել ավելի քան 87 000 աշխատատեղ։
Ըստ վարչապետի ներկայացրած տվյալների՝ 2019թ․-ի երրորդ եռամսյակի դրությամբ՝ ՀՀ-ում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանանակահատվածի համար նվազել է 2, 1 տոկոսային կետով, իսկ զբաղվածության մակարդակը աճել է 2,5 տոկոսային կետով։
«Սա ասում եմ ի ցույց այն բանի, որ Կառավարության ծրագրում գրված քաղաքականությունը զբաղվածության խթանման, գործազրկության կրճատման ուղղությամբ շատ էական և շոշափելի արդյունք է արձանագրվել 2019-ին»,- նշեց նա։
2019թ․-ին դրական արձագանք ստացավ ճանապարհների նորոգումը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հաշվետու տարում նորոգվել ու հիմնանորոգվել է 460 կմ ճանապարհ, որից 110 կմ-ն Կառավարության սոբվենցիոն ծրագրերով։ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև պետական ծառայողների, պաշտոնյանների աշխատավարձերի բարձրացման մասին։
«Դա տեղի է ունեցել, որովհետև Հանրապետության հրապարակի հեղափոխական հարթակից ես խոստացել եմ, որ պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան, և այդ խոստումն ի կատար է ածվել, ինչո՞ւ պարգևավճարների համակարգով, ոչ թե աշխատավարձերի, որովհետև գործող աշխատավարձերի համակարգը իր ստեղծման առաջին օրից դեֆորմացված է, և այսօր մենք հանրային ծառայության բարեփոխումների շրջանակներում այս ողջ պրոցեսը, որը մենք հիմա իրականացնում ենք դե ֆակտո որպես աշխատավարձ, դե յուրե որպես պարգևավճար, կտրանսֆորմացնենք ձեր հաստատմամբ և աջակցությամբ որպես աշխատավարձի համակարգ»,-ընդգծեց վարչապետը, ապա շեշտեց, որ ցանկանում են պետական կառավարման համակարգում, հատկապես՝ դատաիրավական համակարգում աշխատավարձերը ավելացնել, որովհետև համոզված են, որ դա է արդյունավետ, անկախ դատական համակարգ ունենալու լավագույն ձևը։
2019թ․-ին առաջնագծում տեղադրվել է 325 գերժամանակակից տեսադիտարկման սարք, արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք, մշտական ջուր՝ 135 մարտական դիրք, 35 մարտական դիրքում կահավորվել է մոդուլային բաղնիք։
«Մայիսի 8-ից նոր սննդակարգով սնվող զինվորների թիվը կհասնի մոտ 90 %-ի» — ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
a1plus.am