Վարչապետն արձանագրեց՝ կոռուպցիայի դեմ պայքարում անհաջողություններ ունեն (տեսանյութ)
ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի վերջում ներկայացրեց դատական համակարգում առկա խնդիրները։
Վարչապետը որոշ պարզաբանումներ ներկայացրեց, թե ինչու չեն կարողացել հեղափոխությունից հետո անկախ, վստահելի դատական իշխանություն ունենալ։ Ըստ նրա՝ պատճառը մեկն է՝ իսկապես ուզու՞ւմ ենք, որ ՀՀ-ում լինի անկախ դատական համակարգ։
«Ոչ թե մենք ուզում ենք հեղափոխության, իշխանության, կամ նույնիսկ ժողովրդի համար վերահսկելի դատական համակարգ ունենալ, այլ մենք իսկապես ուզում ենք, որ ՀՀ-ում լինի անկախ դատական համակարգ, որովհետև եթե մենք ուզենանք կառավարելի դատական համակարգ, հին խամաճիկային դատական համակարգի փոխարեն նոր խամաճիկային համակարգ ունենալ, ապա մենք դա վաղուց լուծած կլինեինք, ընդ որում՝ դրա համար մեկ, երկու զանգը, կամ նույնիսկ զանգի բացակայությունը բավարար կլիներ, բայց մեր քաղաքական կամքն է, որ ժողովրդավարությունից հետ քայլ չպիտի անենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
2019թ․-ի Կառավարության ամենամեծ ձախողումը, ըստ վարչապետի՝ եղել է ՀՀ ժողովրդից գողացված փողերի վերադարձի գործընթացը։ «Պետք է խոստովանեմ, որ մենք այդտեղ անհաջողություն ունենք, այն ունի թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն արձանագրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում Կառավարությունը անհաջողություններ ունի։ Ինչու՞․ պատճառներն, ըստ նրա՝ տարբեր են։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դատական համակարգում կան նվիրյալներ, և այն նախադրյալները, որը Կառավարությունն ունի, նվիրյալների, պրոֆեսիոնալների շուրջօրյա աշխատանքի շնորհիվ է։
«Նախկինում երբեք չեմ ասել, որովհետև ցանկացել եմ համոզվել դրանում։ Կարծում եմ, որ այսօր դատական, իրավապահ համակարգերում բարձր պրոֆեսիոնալ նվիրյալներ կան, որոնք ոչ թե լոյալ կամ ոչ լոյալ են որևէ Կառավարությանը, նրանք նվիրված են իրենց աշխատանքին» ,- ընդգծեց վարչապետը։
Լավի հետ մեկտեղ Նիկոլ Փաշինյանը վատի մասին էլ է խոսում։ «Դատական և իրավապահ համակարգերում կան կոռուպցիոն համակարգի նվիրյալներ, կան դավաճաններ, որը մեզ համար լրջագույն խնդիր է։ Դատաիրավական համակարգում կան անգրագետներ, որոնք հոգով մաքուր են, մտքով․․․․Շատ լեգիտիմ հարց կհնչի, թե այս երկու տարում ինչո՞վ էինք զբաղված։ Երբեք չենք ուզեցել թացը չորին խառնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ վկայակոչելով աստվածաշնչյան Սոդոմի և Գոմորի կործանման պատմությունը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ դատաիրավական համակարգում կան պայմանականորեն 10 արդարներ, և Կառավարությունը և ԱԺ-ն այն դատաիրավական համակարգը չի ավիրվել, շնորհիվ նրանց։
«Չնայած կոնկրետ արդյունքներ չկան, բայց ես 100 տոկոսով համոզված եմ, որ ընթացող քննությունների արդյունքում կբացահայտվի երկար տարիներ Հայաստանում գոյություն ունեցող կոռումպացված ամբողջ համակարգը՝ իր բոլոր ճյուղերով և անձանցով։ Համազված եղեք բոլոր կոռուպցիոներները կկանգնեն պատասխանատավության առաջ, և ժողովրդից գողացվածը կվերադարձվի»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։