Արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը քննարկվում է. իսկ ինչ կորոշի իշխանությունը հանրաքվեի վերաբերյալ

Mane

 Մոտենում է կորոնավիրուսի տարածման պատճառով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամկետի ավարտը եւ եթե ժամկետը կրկին չերկարաձգվի՝ իշխանությունները պետք է մայիսի 14-ից ամենաուշը 65 օր հետո Սահմանադրական նոր հանրաքվե նշանակեն:

ՍԴ նախագահին ու 6 անդամներին պաշտոնից հեռացնելու հարցով ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հետաձգվեց կորոնավիրուսի տարածման պատճառով, երբ ՀՀ վարչապետն ու «Իմ քայլի» ներկայացուցիչները մարտի 12-ին դադարեցրին հանրաքվեի քարոզարշավը, վերադարձան Երեւան, որից հետո հայտարարվեց արտակարգ դրություն:

Եվ հիմա իշխանությունները երկընտրանքի առջեւ են՝ ինչպե՞ս լուծել ՍԴ ճգնաժամը, բայց եւ չվտանգել հասարակությանը՝ նրանց հանրաքվեի տանելով:

Վերջնական որոշում չկա ոչ արտակարգ դրության ժամկետը երկարացնելու վերաբերյալ, ոչ էլ հանրաքվեի:

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արտակարգ դրության երկարաձգման հարցը քննարկման փուլում է, դիտարկվում է հնարավորությունը եւ մոտ ժամանակներս կայացված որոշման մասին պատշաճ ձեւով կտեղեկացնեն:

Գեւորգյանը ընդգծեց, որ արտակարգ դրության երկարաձգումը հանրաքվեով պայմանավորված չէ. «Դա պայմանավորված է համավարակի իրավիճակով: Եթե թվերը գնալով աճեն… Դեռ որոշ ժամանակ առաջ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարում էր, որ եթե այս վիճակը շարունակվի, միգուցե եւ արտակարգ դրության ռեժիմը պահպանվի: Եթե որեւէ քաղաքում կամ գյուղում վարակի օջախ է հայտնաբերվում՝ արտակարգ դրության ռեժիմը հնարավորություն է տալիս սահմանափակել այդ բնակավայր ելքն ու մուտքը, կարանտին հայտարարել, ինչը, օրինակ, արտակարգ իրավիճակի պարագայում հնարավոր չէ: Եվ որպեսզի մենք ավելի ազատ լինենք մեր գործողություններում, սահմանափակումներ մտցնելու եւ հանելու հարցում, միգուցե պահպանվի այս ռեժիմը, բայց այս պահին դժվար է ասել: Այսօր դեռ ամսի 7-ն է, մինչեւ արտակագ դրության ավարտը 8 օր ունենք, ավելի մոտ օրերի պարզ կլինի»,- տեղեկացրեց Մանե Գեւորգյանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանն էլ մեր զրույցում հայտնեց, որ որեւէ որոշում չկա նաեւ հանրաքվեի անցկացման կամ որեւէ այլընտրանքային տարբերակի վերաբերյալ: Սակայն քննարկումներ ընթանում են: Այդ մասին մեր զրույցը՝ ստորեւ.

— Պարոն Զոլյան, արտակարգ դրության ժամկետի ավարտից ոչ շուտ քան 50 եւ ոչ ուշ, քան 65 օրվա ընթացքում իշխանությունը պետք է նոր օր նշանակի հանրաքվեի անցկացման համար: Խմբակցությունում քննարկվո՞ւմ է այս հարցը. արտակարգ դրությունը կերկարաձգվի՞, թե՞ չի երկարաձգվի ու հանրաքվեն կկայանա:

— Այս պահին որեւէ որոշում չկա, քննարկումներն, իհարկե, ամբողջ ժամանակ էլ շարունակվում են եւ այստեղ մենք երեք գործոն ենք հաշվի առնում: Առաջինը՝ կա Սահմանադրական դատարանի խնդիրը, որը պետք է լուծվի: Երկրորդ գործոնն այն է, որ այդ հարցը պետք է լուծվի օրենքի շրջանակներում եւ ժողովրդավարական սկզբունքների համաձայն: Երրորդը եւ գուցե ամենակարեւորը այն է, որ պետք է այնպես լուծվի, որ մեր հայրենակիցների առողջությանը որեւէ վտանգ չսպառնա: Հիմա այս 3 գործոնները հաշվի առնելով ի վերջո ինչ-որ որոշում կընդունվի, բայց այս պահին դժվար է ասել, թե ինչ որոշում, որովհետեւ դժվար է կանխատեսել համավարակի ընթացքը:

— Հաշվի առնելով, որ աշխատատեղերը բացվում են, այսինքն մարդիկ այսպես թե այնպես տնից դուրս են գալու, հնարավո՞ր է չերկարացվի արտակարգ դրությունը, իսկ հանրաքվեի մասով այլ լուծում գտնվի:

-Ես այստեղ կվախենամ որեւէ կանխատեսում անել, որովհետեւ աշխատատեղերը բացվում են, բայց սահմանափակումները մնում են եւ այստեղ էլ մենք չենք կարող հստակ կանխատեսել, թե ինչպես կզարգանա համաճարակաբանական իրավիճակը: Մենք պետք է նկատի ունենանք բոլոր իրավիճակները՝ սկսած լավատեսականից մինչեւ ավելի հոռետեսականը: Իհարկե ամեն ինչ կանենք, որ հոռետեսականը չլինի, բայց այս պահին 100 տոկոսանոց որեւէ կանխատեսում անել հնարավոր չէ, հետեւաբար այս պահին չեմ կարող ասել՝ արտակարգ դրությունը կշարունակվի՞, թե՞ ոչ, այսինքն այդ որոշումը ընդունվելու է պահի իրավիճակը հաշվի առնելով:

— Հնարավո՞ր է հանրաքվե ընդհանրապես չկայանա, ՍԴ ճգնաժամը լուծվի այլ ճանապարհով, այդ տարբերակը քննարկվե՞լ է:

— Իրավական բոլոր տարբերակները քննարկվում են:

— Օրինակ, հանրաքվեից բացի ուրիշ ի՞նչ տարբերակ է քննարկվում: Դա հետքայլ չի՞ դիտարկվի:

— Չեմ կարող ասել ուրիշ ինչ տարբերակ է քննարկվում, բայց վստահեցնում եմ, որ մենք ամեն ինչ կանենք՝ համադրելու մեր հայրենակիցների առողջությունը եւ անվտանգությունը մի կողմից,  եւ Սահմանադրական դատարանում առկա խնդիրները լուծելու անհրաժեշտությունը՝ մյուս կողմից: Ես համոզված եմ, որ ինչ լուծում էլ գտնվի՝ մեր քաղաքացիները ըմբռնումով կմոտենան եւ կհասկանան, որ այս ամենը արվում է Հայաստանում դատական իշխանության խնդիրը լուծելու համար: Ընդհակառակը, հիմա մենք մեր քաղաքացիների հետ շփման ընթացքում ստանում ենք պահանջներ, որ հնարավորինս ավելի ակտիվ լինենք եւ ավելի արագացնենք դատական բարեփոխումները: Այնպես որ չեմ կարծում, որ մենք խնդիր կունենանք:

— Ձեր կարծիքով արտակարգ դրության երկարաձգման կարիք կա՞, թե՞ ոչ:

— Ես կարծում եմ՝ դա կախված է մեր հայրենակիցներից: Եթե նրանք պահեն բոլոր պահանջները, որոնք կապված են համաճարակաբանական իրավիճակի հետ, ապա գուցե անհրաժեշտություն չլինի երկարացնելու, բայց եթե տեսնենք, որ մարդիկ էլի հավաքվում են, չեն հետեւում այն խորհուրդներին, որ տալիս է Առողջապահության նախարարը, հավանականությունը մեծանում է, որ պետք է երկարաձգվի արտակարգ դրությունը: Բայց ամեն դեպքում սա միայն մեզանից չի կախված, կախված է նաեւ համաշխարհային իրավիճակից. այս բոլոր հարցերը ի մի բերելով որոշում կկայացվի: Եթե իմ կարծիքն եք հարցնում՝ ես կասեի, որ մի քիչ էլ պետք է երկարաձգվի, որպեսզի մեր հայրենակիցներին սպառնացող վտանգը հասցվի մինիմալի: Բայց այստեղ մասնագետների կարծիքներն էլ են կարեւոր:

— Հավանաբար անվերջ չի ձգվի համաճարակային իրավիճակը. հնարավո՞ր է սպասելու տարբերակը ընտրվի. այսինքն սպասեք, իրավիճակը կայունանա, հետո հանրաքվե անցկացնեք:

— Ինչպես ասացի՝ որեւէ տարբերակ չի բացառվում եւ որեւէ տարբերակի նախապատվություն չի տրվում: Նաեւ սպասելու տարբերակ կա քննարկումներում:

— Պարոն Զոլյան, երեկ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս վարչապետն ասաց, որ իրավապահ համակարգում կան կոռուպցիոն համակարգին նվիրվածներ եւ դավաճաններ: Այսինքն բացի դատական համակարգից, խնդիր կա նաեւ իրավապահ համակարգում: Ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը եւ այդ խնդիրն ինչպե՞ս է լուծվելու:

— Իշխանության մեջ չկա որեւէ մեկը, որ անձեռնմխելի է: Այս ընթացքում էլ դուք տեսել եք, որ եթե որեւէ մեկը օրենքով չի աշխատել, խախտումներ է թույլ տվել, նա համակարգից դուրս է եկել, պատասխանատվության է կանչվել եւ այլն: Վարչապետի հիմնական միտքը այն էր, ըստ իս, որ հեղափոխությունը շանս է տվել բոլորին: Մենք հասարակությունը չենք բաժանել լավերի եւ վատերի, ասել, որ ովքեր ծառայել են նախկիններին՝ վատն են, այլ ասել ենք՝ որոշակի գիծ ենք քաշում հեղափոխությունից հետո եւ այս գծից հետո բոլորը շանս ունեն, բոլորը կարող են փոխվել եւ անգամ այն մարդիկ, ովքեր նախկինում ծառայել են ինչ-որ շահերի: Բոլորը շանս են ունեցել փոխվել, հետեւել օրենքին, բարոյական նորմերին եւ այլն: Բայց կարծում եմ, այդ հայտարարության իմաստը այն էր, որ այդ շանսը անվերջ չի, անվերջ չենք սպասելու: Եթե ինչ-որ մարդիկ այդ շանսից չեն օգտվել եւ շարունակում են չտեսնել այն փոփոխությունները, որ տեղի են ունեցել Հայաստանում, ապա հետեւանքներ կլինեն:

— Վերջերս հաճախ են հետապնդվողները խուսափում պատասխանատվությունից եւ հայտնվում հետախուզվողի կարգավիճակում: Արդյոք նաեւ ա՞յս դեպքերը նկատի ունի:

— Կարծում եմ նաեւ դրան է վերաբերում: Մենք տեսել ենք, որ շատ դեպքերում արդարությունը վերականգնվել է, բայց նաեւ տեսել ենք, որ հետախուզվողները կարողացել են հեռանալ երկրից եւ գոնե ժամանակավորապես խուսափեն արդարադատությունից: Դա շատ անհանգստացնող փաստ է, կարծում եմ այս մեսիջը նաեւ ուղղված է նրանց, որ ապագայում նման դեպքերը հնարավորինս քիչ լինեն, ընդհանրապես բացառվեն:

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...