ՀՀ ԱԱԾ տնօրենը պարգևատրել է Հայրենական Մեծ պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերաններին.
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը ընդունել է Հայրենական Մեծ պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերաններին: Ընդունելությանը ներկա էին նաև ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները:
Էդուարդ Մարտիրոսյանը շնորհավորել է վետերաններին՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի և Արցախի Պաշտպանության բանակի՝ Շուշիի ազատագրման 28-ամյակի կապակցությամբ: ԱԱԾ տնօրենն իր խոսքում նշել է, որ հենց նրանք են մեր հերոսական էջերի այն գործող անձիք, ովքեր պարգևել են մեզ այդ փառավոր հաղթանակները:
«75 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակները խորհրդային մյուս ժողովուրդների հետ միասին պատերազմեցին ընդդեմ բռնության ու չարագործության՝ իրենց անձնազոհ կեցվածքով և նվիրվածությամբ: Հպարտությամբ ցանկանում եմ նշել, որ մեր փոքր հանրապետությունն իր ծանրակշիռ լուման է ներդրել ֆաշիզմի դեմ պայքարում: Մենք դեռևս ունենք երջանիկ հնարավորություն` շփվելու այդ հերոսական իրադարձությունների մասնակիցների հետ։ Թող հաղթողների չխամրող փառքն ապրի դարեր` խիզախության և դիմացկունության վառ օրինակ ծառայելով սերունդներին», — ասել է Էդուարդ Մարտիրոսյանը:
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ, ԱԱԾ տնօրենը դրամական պարգևով պարգևատրեց պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերաններ՝ Պետրոս Պետրոսյանին և Ալբերտ Հակոբջանյանին: