Պարետատնից չեն բացառում արտակարգ դրության երկարաձգումը

Paretatun

  Մայիսիս 14-ին երկրում հայտարարված արտակարգ դրության ժամկետը ավարտվում է, բայց ինչպես «Ազատությանը» փոխանցեց պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, հիմքերը, որոնց պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել, շարունակում են մնալ:

«Ուսումնասիրվում է երկարաձգումը, դիտարկվում է այդ հարցը և վերջնական որոշման մասին, իհարկե, երբ որ որոշումը լինի, արդեն կհրապարակվի: Երկարաձգման հավանականությունը կա, քանի որ այն հանգամանքները, որոնք բերել են արտակարգ դրության հաստատմանը, դեռևս չեն վերացել», — ասաց Հունանյանը:

«Ազատության» հարցին՝ խոսքը ևս մեկ ամսով երկարաձգելո՞ւ մասին է, Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակը պատասխանեց. «Ամենայն հավանականությամբ, ենթադրում եմ, որ այո: Կախված իրադրությունից, կախված զարգացումներից՝ մենք նորից կարող ենք գնալ սահմանափակումների խստացման, որի մասին պարետը մի քանի անգամ հայտարարել է, այնպես որ այս դրության պահպանումը այդ առումով նույնպես կարևոր է»:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Գևորգ Գորգիսյանն ասում է՝ վերջնական որոշում կկայացնեն նախագծին ծանոթանալուց հետո:

«Այստեղ մի կարևոր հանգամանք կա, որ եթե մենք քաղաքացիներին սահմանափակումներով ավելի ենք աշխատանքի գնալու և թույլ չենք տալու աշխատել, ապա պետք է նրանք վստահ լինեն, որ որևէ կերպ պետությունն իրենց կաջակցի իրենց ապրուստի միջոցները գտնելու հարցում», — նշեց Գորգիսյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ից Արման Աբովյանը կարևորում է, որ տնտեսվարողների աշխատանքը չսահմանափակվի, ասում է՝ ակնհայտ է, որ համաճարակը դեռ երկար է շարունակվելու, ու տնտեսությունը կարող է կոլապսի առաջ կանգնել:

«Համաճարակը, այո, շատ վտանգավոր է, ոչ ոք չի հերքում դա, բայց փաստացի մարդկանց հասցնել տնտեսական որոշակի ծանր վիճակի՝ սխալ է: Մենք ունենք մեր աչքի առջև Շվեդիայի օրինակը, մենք ունենք շատ ցայտուն Բելառուսի օրինակը, որոնք գնացին չսահմանափակման տնտեսական գործունեության ճանապարհով, և կարծես թե բոլոր երկրները կամաց-կամաց թեքվում են դեպի այդ օրինակները», — ընդգծեց Աբովյանը:

 

azatutyun.tv

Ձեզ կհետաքրքրի...