Ընդունվում են հայտեր «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացներին մասնակցության համար

Arcanc usucum

Մեկնարկում է «Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա առցանց (online) դասընթացին մասնակցելու  դիմումների ընդունման գործընթացը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։
Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020թ. բուհերի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար:
Դասընթացները կազմակերպելու և անցկացնելու է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, որի ներկայացրած կրթական ծրագիրը հանձնաժողովի գնահատմամբ լավագույնն էր ճանաչվել։
«Ծրագրավորման հիմունքներ» դասընթացի շնորհիվ ուսանողները՝
— կծանոթանան համակարգչային գիտությունների հիմունքներին,
— կստանան C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ,
— կձևավորեն կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն ուսանողի հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ,
— կզարգացնեն ինժեներական մտածողություն և մասնագիտական հետաքրքրասիրություն:
Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանում և Արցախում բնակվող 18 տարեկանը լրացած այն անձինք,  ովքեր կանցնեն դասընթացի ընտրական փուլը՝ բաղկացած առցանց թեստից և հարցազրույցից։ Դասընթացներին մասնակցությունը անվճար է:
  
Նախապատվությունը տրվելու է ոչ տեխնոլոգիական կրթություն ունեցող և այլ ոլորտներից տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու ցանկություն ունեցող մասնակիցներին:
Ընդունելության առցանց թեստը բաղկացած է լինելու 10 հարցերից՝  5 մաթեմատիկական և 5 տրամաբանական (հայերեն և անգլերեն լեզուներով)։ Թեստի անցողիկ նվազագույն շեմը Երևանում գրանցված մասնակիցների համար սահմանված է ընդհանուր միավորների 60%֊ը, իսկ ՀՀ մարզերից և Արցախից մասնակիցների դեպքում՝ 50%-ը: Անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում մասնակիցը կարող է կրկին դիմել ծրագրին։ 
«Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա դասընթացն իրականացվելու է շաբաթական առնվազն 2 անգամ հաճախականությամբ, 2 ժամ տևողությամբ, խումբը կազմված է լինելու է մինչև 30 ուսանողից։
Դասընթացներն իրականացվելու են առցանց (online) ձևաչափով Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոսական անձնակազմում ներգրավված ոլորտի մասնագետների միջոցով:
Դասընթացի ավարտին՝ 50% և ավելի միավոր ստացած մասնակիցներին կտրամադրվի  ավարտական սերտիֆիկատ, ավելի ցածր միավորի պարագայում՝ ուսանողին կտվի  մասնակցության տեղեկանք։ 
Ծրագիրը շարունանակական բնույթ է կրում և դասընթացները կազմակերպվելու են մինչև տարեվերջ: Նախատեսվում է ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորություն ապահովել շուրջ 2000 մասնակիցների համար:
Հայտադիմումը լրացնելու և մանրամասն տեղեկատվության համար հարկավոր է այցելել հատուկ ձևավորված կայք-էջ՝ https://www.edu2020.am/

Ձեզ կհետաքրքրի...