Գեղեցկության սրահներում հաճախորդների միջև պետք է ապահովել առնվազն 1.5 մ հեռավորություն
Պարետատան որոշմամբ՝ վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Նշվում է, որ ներկա փուլում գործող կանոններից է այն, որ հաճախորդների սպասարկումը պետք է իրականացվի բացառապես նախապես հեռախոսով կամ առցանց հերթագրման դեպքում:
- Անհրաժեշտ է պահպանել հաճախորդների սպասարկման միջև առնվազն 20 րոպեանոց ընդմիջումներ:
- Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում և տվյալների գրանցում գրանցամատյանում: Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Նման այցելուի դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ զանգահարելով 8003 համարով:
- Արգելվում է սպասարկող անձնակազմից և հաճախորդից բացի այլ անձանց մուտքը վարսավիրանոցների և գեղեցկության սրահների տարածք:
- Անհրաժեշտ է բացառել սրահում մարդկանց կուտակումները և հերթերը:
- Աշխատանքի ժամանակ անձնակազմը պետք է կրի պաշտպանիչ ձեռնոցներ և մեկանգամյա օգտագործման դիմակ (բժշկական), որը փոխվում է 3-4 ժամը մեկ: Մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաև խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում:
- Սպասարկման ժամանակ հաճախորդների միջև անհրաժեշտ է ապահովել առնվազն 1.5 մետր հեռավորություն:
Անձնակազմի համար սահմանված կանոններից է այն, որ յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը պետք է չափվի օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը՝ աշխատակցի՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:
- Աշխատակիցների աշխատատեղերի միջև պահպանվում է սոցիալական հեռավորություն՝ առնվազն մեկուկես մետր:
- Անձնակազմի անդամները պետք է հաճախակի լվան ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան տևողությամբ, անհնարինության դեպքում՝ ձեռքերը մաքրեն ալկոհոլային հիմքով ախտահանիչներով։
- Աշխատակիցները հնարավորինս խուսափում են միմյանց և այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքսեղմումներից, գրկախառնություններից, շփումների ժամանակ պահպանում են առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն։
- Ընդմիջման ընթացքում արգելվում է աշխատանքային վայրը լքելը:
Աշխատանքային տարածքի ախտահանումը պետք է իրականացվի աշխատանքի մեկնարկին և ավարտին՝ օգտագործելով 60-80% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցներ: Անհրաժեշտ է ապահովել աշխատավայրի մուտքի մոտ ձեռքերի մշակման մաշկային ախտահանիչների պարտադիր առկայությունը և կիրառումը՝ այդ նպատակի համար նախատեսված (60-80% սպիրտային հիմքով) ախտահանիչների, կոսմետիկ միջոցների կամ ախտահանիչ անձեռոցիկների միջոցով: Նխաատեսվել են նաև մի շարք այլ միջոցառումներ, ինչպես նաև աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ: