ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձենք գտնել այս կնոջը. նա շեֆ-խոհարար է, ով չի պաշտպանվում կորոնավիրուսից
«Չեմ հավատում էս կապիկությանը, ցույց տվեք պարզ։ Ես շեֆ-խոհարար եմ, առաջին օրով գործից ուշանում եմ, հիմա ով է պատասխան տալու»,- ասում է դիմակ չդնելու ու ձեռնոց չհագնելու համար տրանսպորտից իջեցված կինը։ Համացանցում տարածված տեսանյութի արձագանքները խիստ են։ ՍԱՊԾ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խնդրում եմ տարածեք։ Փորձենք գտնել այս կնոջը… Պետք է կասեցվի այն խոհանոցի, հանրային սննդի կետի գործունեությունը, որտեղ աշխատում է այս կինը»,- գրել է նա։ Տեսանյութին արձագանքել է նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը․ «Ասենք` մարդը խոհարար ա, չի կարողանում հասնել աշխատանքի, և լավը դա է, քանզի, եթե առանց դիմակ, ձեռնոց պետք է հասնի աշխատանքի և մարդկանց համար ուտելիք պատրաստի, ապա ավելի լավ է չգնա աշխատանքի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սիմոնյանը: «Հարգելի խոհարար, եթե ուտելիք սարքելուց սովորաբար ձեռնոցով ու դիմակով չեք, ասեք որտեղ եք աշխատում, որ չօգտվենք»,- տեսանյութը տարածում ու կից գրում են ֆեյսբուքյան օգտատերերը։ Չնայած կոշտ արձագանքին ու սննդի կետը փակելու մտադրությանը՝ պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ տվյալ կինը գուցե աշխատավայրում կրում է դիմակ ու հագնում ձեռնոց։ Բացի այդ, պաշտպանիչ միջոցներով աշխատակիցներին պետք է ապահովի հաստատության տնօրինությունը։
auroranews.am