ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետն ազատվել է աշխատանքից. armtimes

Qnchakani pet

 ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը ազատվել է աշխատանքից: Մեր զրույցում արդեն նախկին պաշտոնյան վստահեցրեց, որ իր դիմումը կապ չունի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակման հետ:

«Ոչ մի բանի հետ կապ չունի իմ որոշումը: Աշխատանքից ազատման զեկուցագիր եմ գրել, խնդրել եմ, որ բավարարեն, չէին բավարարում: Մայիսի 12-ից հրամանը եղել է, հիմա վայելում եմ ազատությունս»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Աղաջանյանը:

Հարցին, թե արդյոք բացի իրենից այլ պաշտոնյաներ ե՞ւս ազատվել են աշխատանքից, քննչական դեպարտամենտի նախկին պետն ասաց, որ մյուսներից տեղյակ չէ:

Խոսելով մամուլի հրապարակումների մասին, թե Քյարամյանի նշանակումից հետո խմորումներ են սկսվել ԱԱԾ-ում՝ Աղաջանյանը պատասխանեց. «Խժդժություն, խմորումներ զինվորական հիմնարկում ընդհանրապես չի լինում ու չկա: Բոլորս զինվորական ենք ու պետությանն ենք ծառայում: Ես ազատման դիմում գրել եմ, անցել եմ կենսաթոշակի՝ հաշվի առնելով աշխատանքի բերումով իմ լարված, ծայրահեղ լարված հոգեվիճակը: Ասացի բավական է՝ թող մի քիչ էլ երիտասարդներն աշխատեն»:

Աղաջանյանը նշեց, որ իր կյանքի 48 տարիներից 24-ը համակարգում է աշխատել:

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը մայիսի սկզբին 1 օրով նշանակվել, այնուհետեւ ազատվել էր ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից, որպեսզի կոչումը համապատասխանեցվի օրենսդրական չափանիշներին եւ նշանակվի ԱԱԾ տնօրենի տեղակալ։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը ՀԺ-ին տեղեկացրել էր, որ Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու որոշումը քաղաքական է եւ կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակում։ 

Ձեզ կհետաքրքրի...