Վարչապետի հրապարակման հիման վրա ստուգումներ են եղել անձնագրային և վիզաների վարչությունում

Andznagir

 ՀՀ Վարչապետի ֆեյսբուքյան էջում 2020 թ․ հունվարի 25-ին հրապարակվել էր մի կնոջ դիմում, թե` շուրջ 20 տարի Կանադայում բնակվելուց հետո, 2019 թվականի հուլիսին վերադարձել է Հայաստան և ՀՀ քաղաքացիություն ու անձնագիր ստանալու համար դիմել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, ինչպես և այլ գերատեսչություններ, սակայն պատկան մարմինների ծառայողների մասնագիտական ցածր որակի արդյունքում գործընթացը տևել է շուրջ հինգ ամիս, նաև իր նկատմամբ ցուցաբերվել է անհարգալից վերաբերմունք։

Այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է ծառայողական քննություն: Պարզվել է, որ կինը 2019թ. հուլիսի 30-ին դիմել է ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության անձնագրային բաժին` ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու խնդրով: Քանի որ կինը Կանադայում փոխել էր ազգանունը, ուստի նա ուղղորդվել է ՀՀ ԱՆ ՔԿԱԳ Կենտրոնի և Նորք-Մարաշի տարածքային բաժին՝ ազգանվան փոփոխության վերաբերյալ ակտ ստանալու համար։

ՔԿԱԳ մարմնի կողմից տրամադրված ամուսնության ակտի հիման վրա նույն թվականի հոկտեմբերի 24-ին կինը դիմել է ԱՎՎ Մաշտոցի անձնագրային բաժանմունք և 2019 թվականի հոկտեմբերի 31-ին, այսինքն՝ ԱՎՎ դիմելուց շուրջ երեք ամիս անց ձևակերպվել է ՀՀ քաղաքացու անձնագիրը, որը ստացել է 2019 թվականի նոյեմբերի 14-ին:
Միաժամանակ պարզվել է, որ ոստիկանության ԱՎՎ քաղաքացիության բաժնի պետը կնոջն անձնագրային բաժին ուղղորդելիս դրսևորել է քաղաքացիական ծառայողին ոչ հարիր վարքագիծ, սպասարկել է անքաղաքավարի ու բարեվարքության նորմերի խախտումներով։

Բացի այդ, անձնագրային բաժնի աշխատակցուհին սպասարկելիս նրա հետ վարել է անհարկի խոսակցություն. տեղեկանալով, որ նա Հայաստան է վերադարձել Կանադայից, մեղադրական տոնով հարցրել է, թե ինչու է վերադարձել, և տեղեկանալով, որ վերադարձը կապված է ՀՀ Վարչապետի հայտարարության հետ, հնչեցրել է վիրավորական արտահայտություններ ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցչի հասցեին, հայտարարել, թե՝ «Փաշինյանը բոլորիդ խաբել է»։

Այսինքն՝ պետն ու աշխատակցուհին խախտել են հանրային ծառայողի էթիկայի կանոնները։
Իր հերթին ՀՀ ոստիկանության ԱՎՎ անձնագրային բաժնի պետը դիմող կնոջը ժամանակին հստակ չի ներկայացրել գործող կարգը և միայն երկու ամիս անց է պարզաբանել, որ անհրաժեշտ է դիմել ՔԿԱԳ տարածքային բաժին։ Այսինքն՝ նա ևս ոչ պատշաճ է կատարել իրեն վերապահված պարտականությունները։

Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամանով անձնագրային բաժնի աշխատակցուհին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ մյուս երկուսին հայտարարվել է խիստ նկատողություն:

Ձեզ կհետաքրքրի...