Ռուբեն Հայրապետյանի որդուն ներգրավել են որպես մեղադրյալ
Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին: Ավելի վաղ նախաքննական մարմինը որոշել էր որպես մեղադրյալ ներգրավել նաև Ռուբեն Հայրապետյանին: 1lurer.am-ը Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանից տեղեկացավ, որ նախաքննական մարմնից ինքը ծանուցում է ստացել՝ Ռաֆիկ Հայրապետյանին այսօր մեղադրյալի կարգավիճակով հարցաքննության հրավիրելու մասին: Թե ինչ հոդվածով է կրտսեր Հայրապետյանը ներգրավվել որպես մեղադրյալ՝ փաստաբանը չմանրամասնեց: Նա տեղեկացրեց, որ նախաքննական մարմնից պարբերաբար հարցաքննության են հրավիրում նաև Ռուբեն Հայրապետյանին, որը, սակայն, արդեն երկու ամիս է՝ Հայաստանում չէ, և համավարակի ու փակ սահմանների պատճառով չի կարող ներկայանալ հարցաքննության:
Հիշեցնենք, դեռ 2019 թ. տարեվերջին Հայրապետյաին առնչվող քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի (խոշոր չափերով յուրացում), ինչպես նաև 325-րդ հոդվածի 2 մասի (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մասի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով: