Վարչական տույժ է կիրառվել «ԱՐՄՆՅՈՒԶ» հեռուստաընկերության և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ռադիոընկերության նկատմամբ. ՀՌՀ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նիստում քննարկվել է հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության եզրակացությունը «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ:
«Հանձնաժողովի կողմից Ընկերության գործունեության մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ «Արմնյուզ» հեռուստածրագրի կողմից հեռարձակված «Հայելու առաջ» հաղորդման հեռարձակման ընթացքում հնչել են արտահայտություններ, որոնք համապատասխանում են Հանձնաժողովի 2019 թ. օգոստոսի 14-ի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների (ֆիլմերի), այլ տեսաձայնաշարային նյութերի որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 90-Ա որոշման հավելվածի 2-րդ մասի հատկանիշներին, որը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կարող է եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղորդման ընթացքում ներկայացվել են փաստերի բազմաթիվ խեղաթյուրումներ, բացահայտ կեղծիքներ, սպառնալիքներ, բռնության կոչեր, խուճապ առաջացնող ենթադրություններ, որոնք հատկապես անչափահաս հեռուստադիտողի մոտ առաջացնում են տագնապի և անելանելիության զգացում: «Հայելու առաջ» հաղորդման լսողական տարբերակը հեռարձակվել է նաև «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ռադիոընկերության միջոցով:
«Արմնյուզ» հեռուստաընկերությունը և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ռադիոընկերությունը սահմանված կարգով տեղեկացվել են հարուցված վարչական վարույթի մասին: Հանձնաժողովը, քննելով գործում առկա փաստերը և հավատարիմ խոսքի ազատության սկզբունքներին, համարում է, որ լիցենզավորված լրատվամիջոցների համար խիստ կարևոր և առաջնահերթ է ճգնաժամային իրավիճակներում հանրությանը և հատկապես անչափահասներին ստուգված փաստերի և իրադարձությունների մասին իրազեկումը:
Նիստի ընթացքում Ընկերությունների ներկայացուցիչը բանավոր ներկայացրել է դիրքորոշում: Հանձնաժողովը ձայների 5 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ որոշում է կայացրել «ԱՐՄՆՅՈՒԶ» հեռուստաընկերության և ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ռադիոընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Վարչական վարույթ է հարուցվել նաև «ՖՄ-105.5» ՍՊ ընկերության նկատմամբ: Համաձայն իրավաբանական և լիցենզավորման վարչության եզրակացության՝ Հանձնաժողովը օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս ուսումնասիրել է 2020 թվականի մարտի 06-ին «ՖՄ-105.5» ՍՊ ընկերության կողմից ներկայացված եթերի ձայնագրությունները և ուսումնասիրության արդյունքում արձանագրել Ընկերության «ՖՄ-105.5» ռադիոծրագրի կողմից «Քաղաքական վերլուծություն Անդրեաս Ղուկասյանի հետ» հաղորդման հեռարձակման ժամանակ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջների խախտում:
Վարույթի համար հիմք է հանդիսացել եթերը հովանավորությամբ հեռարձակելը, մասնավորապես՝ անոնսում շեշտվել է, որ հաղորդման հովանավորն է «Հայ կառուցողական կուսակցությունը»՝ դրանով իսկ խախտելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները: Հաշվի առնելով նշված փաստերը՝ Հանձնաժողովը որոշել է «ՖՄ-105.5» ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում՝ խախտումները հետագայում վերացնելու հանձնարարությամբ:
Օրակարգային են եղել նաև «ՄԵԳԱԹԻՎԻ» ՍՊ ընկերության Երևան քաղաքի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային հեռարձակման լիցենզիա տրամադրելու, «ՏԵԼԵԼԵՔՍ» ՍՊ ընկերության (սփռման տարածքը՝ ՀՀ Արարատի մարզ, հեռարձակման տեսակը՝ թվային) և «ԷՋՄԻԱԾԻՆ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱԿ-ի (սփռման տարածքը՝ ք. Էջմիածին, հեռարձակման տեսակը՝ անալոգային) հեռուստածրագրերի հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, «ՄԵԳԱԹԻՎԻ», «ԱՐՏ-ԹԻՎԻ-ՆԵԹ», «ԿՈԼՄԵՆԱ», «ԱՐԱՑ», «ՄԵԴԻԱ ՔՈՆԹԵՆՏ» ՍՊ ընկերությունների ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու, «ՅՈՐՆԵԹ», «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերությունների նկատմամբ հարուցված վարչական վարույթների վերաբերյալ հարցերի քննարկումները»,- նշված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ: