Հայկ Մարությանը դիմել է շրջանավարտներին. «Հուսով եմ՝ չեք տխրել այս չնախատեսված շրջադարձից»
Սիրելի շրջանավարտներ,
Ձեր դպրոցական կյանքի վերջին շաբաթն է ավարտվում: Գիտեմ, որ այլ կերպ էիք պատկերացնում կյանքի այս հատվածի ամփոփումը: Հուսով եմ՝ չեք տխրել այս չնախատեսված շրջադարձից, որովհետև կյանքի ցանկացած անակնկալ իր հետ նոր փորձառություն է բերում, հետևաբար՝ մարտահրավերներին դիմակայելու նոր հմտություններ:
Օրինակ, համավարակի այս օրերին դուք սովորեցիք հեռավար գործիքներ կիրառել կրթվելու համար, հմտություն, որը ձեր հետագա ուսման ու աշխատանքի մեջ ձեզ հաստա՛տ պետք կգա: Կարանտինի պարտադրած մեկուսացումը, այն էլ ձեր տարիքի համար, մի ուրիշ փորձություն է, որը սակայն առիթ տվեց վերարժևորելու մեր ընկերների ու հարազատների, մեր սիրելիների հետ անմիջական շփման բերկրանքը:
Ուզում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել ձեր ուսուցիչներին, որոնք տարիներ շարունակ ձեր կողքին էին, իսկ այս ամիսներին նաև կարողացան պատվով կատարել իրենց առաքելությունը՝ արագորեն «վերաֆորմատավորվելով» և ուսման պրոցեսը տեղափոխելով առցանց հարթակ: Շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին այս հուզիչ ու կարևոր օրվա առթիվ:
Երջանիկ եմ, որ ապրում և աշխատում եմ մի քաղաքում, որտեղ ձեր նման մարդիկ են ապում, անչափ հաճելի է գիտակցել, որ մեր քաղաքի վաղվա օրը կերտելու են այսօրվա փայլուն սերնդի շրջանավարտները:
Շնորհավորում եմ ձեզ, բարի երթ:
Կյանքի բոլոր շրջադարձերում հիշեք, որ հայ ենք, հայաստանցի, հետևաբար՝ ազնիվ ենք, աշխատասեր, օրինապաշտ ու ստեղծագործ: Եվ ամենակարևորը՝ միասին մենք ուժեղ ենք:
Սիրելի շրջանավարտներ,Ձեր դպրոցական կյանքի վերջին շաբաթն է ավարտվում: Գիտեմ, որ այլ կերպ էիք պատկերացնում կյանքի այս…
Опубликовано Hayk Marutyan Пятница, 22 мая 2020 г.