Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հանդիպեց Կապանում Ոստիկանության դիմաց հավաքված մարդկանց

Kapan

Հունան Պողոսյանը ժամանել է Կապան, որտեղ արդեն մի քանի ժամ ոստիկանության շենքի առջև հավաքված քաջարանցիները պահանջում են ազատ արձակել ձերբակալված քաջարանցիներին՝ հայտարարելով, որ նրանց ոստիկանությունում բռնության են ենթարկել։ Հունան Պողոսյանը փորձեց համոզել քաջարանցիներին վստահել քննությանը, վստահեցնում է, որ ոստիկանությունում բերման ենթարկվածին բռնության ենթարկելու գործով ծառայողական քննության արդյունքում մեղավորը կպատժվի, և կոչ է անում հանդարտվել և դադարեցնել բողոքի ակցիան։

Բողոքողներից մեկը վրդովվեց նրա խոսքից. «Մենք նենց մարդկանց ենք մերժել, որ ձեզ հաստատ մերժելու ենք։ Մենք ուզում ենք, որ դուք մեզ պաշտպանեք, իսկ դու եկել համոզում եք՝ մեզ պաշտպանելու փոխարեն»։

 

Մարզպետն առաջարկեց, որ հարազատներից մոտ 15 մարդ իր հետ մտնի ներս,  քննարկեն ու հասկանան իրավիճակը։

Մարզպետը հավաքվածներին կոչ արեց թուլ չտալ, որ ոմանք իրենց օգտագործեն. «Կան մարդիկ, որ այս ամենից հորթի հրճվանք են ապրում»։

Հավաքվածների հետ հանդիպամ եկավ նաեւ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, ով բավական վրդովված է, մասնավորապես ոստիկանությունում երիտասարդին ծեծի ենթարկելու համար: 

Ավելի վաղ Կապանի ոստիկանության առջև հավաքվածները պահանջում են, որ իրենց մոտ գա Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը և պարզաբանում տա իրենց հասած տեղեկությունների վերաբերյալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կապանում մայիսի 24–ին լարված իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանության շենքի դիմաց հավաքվել են բազմաթիվ քաջարանցիներ, որոնք պահանջում են Երևան չտեղափոխել և ազատ արձակել ոստիկանություն բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։ Ըստ շենքի առջև հավաքված հարազատների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ոստիկանությունում ծեծի են ենթարկել։ Ոստիկանությունը հերքում է բռնություն գործադրելու մասին տեղեկությունները։ Նշենք, որ բերման ենթարկվածները երեքն են, մի հոգու՝ Նվեր Խաչատրյանին, սխալմամբ են բերման ենթարկել, ապա ազատ արձակել։ Նրա մարմնի վրա բռնության հետքեր կան։ Հավաքվածները պահանջում են, որ կալանավորվածներին չտեղափոխեն մայրաքաղաք և քննությունն իրականացվի Սյունիքում, քանի որ մտավախություն ունեն, որ այնտեղ ավելի դաժան ծեծի կենթարկեն։ 

 

Տեսանյութը՝ Нвер Зеля օգտատիրոջ ՖԲ էջից:

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...