Զինծառայողների բնակարանային ապահովության գործընթացի ուսումնասիրմամբ հայտնաբերված խախտումներով հարուցվել են քրգործեր
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունն ամփոփել է զինծառայողների բնակարանային ապահովության բնագավառում դեռևս նախորդ տարի սկսած ուսումնասիրությունների արդյունքները:
Նշված բնագավառում ժամանակագրական և ծավալային նման ընդգրկմամբ ուսումնասիրություն նախաձեռնվել է առաջին անգամ և վերաբերում է ՀՀ ՊՆ համակարգի՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման, ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով տրամադրելու, տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցությամբ ապահովելու գործընթացներին՝ սկսած զինծառայողների հաշվառումից մինչև վերջիններիս բնակարանային պայմանների վերջնական բարելավում։
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից այս փուլում պահանջվել և ստացվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող, սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման ենթակա բնակարանային ֆոնդի թվով 5 հասցեներում գտնվող 5 բնակելի շենքերի բնակարաններից կատարված հատկացումների վերաբերյալ ընդհանուր թվով 150 բնակարանային գործեր։
Այդ գործերից արդեն իսկ ուսումնասիրվել է 91-ը կամ շուրջ 61 %-ը, որոնցից 21-ում հայտնաբերվել են խախտումներ: Վերջիններս հիմնականում վերաբերում են սեփականության իրավունքով բավարար բնակելի տարածություն ունենալու, բնակարան ձեռք բերելու կամ բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու, պարտադիր պահանջ հանդիսացող սահմանված ձևի փաստաթղթեր չներկայացնելու, իրականությանը չհամապատասխանող, կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր ներկայացնելու, արհեստականորեն բնակարանային պայմանները վատթարացրած լինելու հանգամանքը պատշաճ ընթացակարգով չստուգելու, հատկացված բնակարանը սահմանված կարգի խախտմամբ մեկ այլ բնակարանով փոխարինելու, հերթացուցակներում անհիմն ընդգրկվելու կամ անհիմն առաջնահերթություն ստանալու պայմաններում ապօրինի, անհատույց օգտագործման և հետագայում սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու դեպքերին։
Խախտումներ են արձանագրվել 21 զինծառայողների թվով 20 բնակարան, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու համար ընդհանուր 21․401․000 ՀՀ դրամ անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացներում։ Հայտնաբերված խախտումների փաստի առթիվ նախապատրաստված բոլոր նյութերով ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ (պաշտոնեական լիազորությունները անցնելը), 314-րդ (պաշտոնեական կեղծիքը), 325-րդ (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 376-րդ (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) հոդվածներով հարուցվել է 9 քրեական գործ, որոնք գտնվում են նախաքննության ընթացքում։
Հաշվի առնելով զինծառայողների բնակարանային ապահովության խնդիրների լուծման առաջնահերթությունը և սոցիալական մեծ նշանակությունը՝ ՀՀ զինվորական դատախազության կողմից շարունակվում են նշված բնագավառի ուսումնասիրությունները: Ձեռնարկվել և ձեռնարկվում են դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցներ պետությանը պատճառված վնասի չափը, մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու, պետությանը պատճառված վնասները վերականգնելու, արձանագրված խախտումները վերացնելու և հետագայում բացառելու ուղղությամբ։
Հետագա ուսումնասիրությունների, արդյունքների մասին կտեղեկացվի ընթացքում: