Դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով ապացույցների փուլին անցնելու բոլոր հիմքերն ունի. դատախազ
Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական նիստերը պաշտպանների միջնորդությունների պատճառով բազմիցս հետաձգվում են։ Դա պատճառ է դառնում քրեական գործի դատական քննությունը չսկելու համար։
Այս մասին այսօր Աժ-ում ՀՀ դատախազության 2019 թվականի զեկույցի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, այնուհետեւ հարց ուղղելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հետաքրքրվեց, թե ի՞նչ է իրականացնում դատախազությունը՝ պաշտպանների կողմից անընդհատ բերվող միջնորդությունների քննարկման պատճառով այդ ձգձգումները բացառելու ուղղությամբ։
Դավթյանը պատասխանեց, որ գործը գտնվում է դատարանի վարույթում, հետեւաբար ակնհայտ է, որ որոշումներ կայացնողը դատարանն է։ Արդեն մոտ 1 տարի է՝ դատարանի վարությում է քրեական գործը, եւ գրեթե ամեն նիստին խափանման միջոցի փոփոխման միջնորդություն է ներկայացվում պաշտպանների կողմից։ Սրա հետ կապված Դավթյանը շեշտեց, որ իրենց բոլոր դիրքորոշումներում հստակ ներկայացրել են, որ քննության ներկա փուլում՝ նախապատրաստական մասում, առկա են ռիսկեր ամբաստանյալի պատշաճ վարքագծի, հետեւաբար կալանքը կիրառելի է։
«Եվ մենք հստակ ասում ենք, որ քանի դեռ փուլը չի փոխվել, չենք անցել դատաքննության փուլի, այդ ռիսկերի վերանալու մասին խոսք լինել չի կարող։ Մեր դիրքորոշումներում կարմիր գծով անցել է հետեւյալը, որ նմանատիպ վարքագիծը պաշտպանության կողմի՝ ակնհայտորեն պաշտպանական իրավունքի չարաշահման վկայությունն է»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, որ դատարանն ունի բոլոր հիմքերը՝ այս հիմնավորմամբ սահմանափակելու համապատասխան փուլին բնորոշ դատավարական գործողությունները եւ անցնելու դատաքննության ապացույցների հետազոտմանը։
Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց, որ դատարանում դատախազությունը ներկայացնող դատախազները հանդես գան միջնորդությամբ եւ կարողանան հիմնավորել, որ փաստաբաններն իրոք ունեն մեկ նպատակ, այն է, որ դատաքննական հաջորդ փուլը չսկսվի, իսկ թե ինչու, պատգամավորի համար ակնհայտ է։
Դավթյանն էլ հավելեց, որ բոլոր միջնորդություններին նախորդած միջնորդությունների քննարկման ընթացքում դատախազներն իրենց դիրքորոշման մեջ այդ մասին հստակորեն արտահայտել են:
armtimes.com