Գլենդելի հայերի մեծամասնությունը զինված է. հայկական ինքնապաշտպանական խմբի անդամը մանրամասներ է ներկայացնում
Ամերիկայի Միացյալ Նահանգներում սկիզբ առած հասարակական բողոքի մեծ ալիքը, որը վերածվել է փողոցային զանգվածային անկարգությունների, թալանի ու ավերածությունների, հասել է նաև Լոս Անջելես, որտեղ մեծաթիվ հայ համայնք ունենք:
Տեղի հայերն արագ ինքնապաշտպանական խմբեր են ձևավորել՝ բողոքողների հարձակումներից քաղաքի հայաշատ մասերը պաշտպանելու համար:
365news-ը կապ Է հաստատել ինքնապաշտպանական խմբերը ձևավորող ու դրանց համակարգող խմբի անդամ Էդգար Քոչարյանի հետ, ով մեզ պատմեց, թե ինչպես ձևավորվեցին խմբերը, ինչպես են պաշտպանում հայկական համայնքը ու ինչպես են համաձայնության եկել ցուցարաների հետ:
-Ինչպե՞ս առաջացան ինքնապաշտպանական խմբերը:
-Հայկական ինքնապաշտպանական խմբերը հիմնականում տեղակայված են Կալիֆորնիայում, իսկ ավելի կոնկրետ՝ Լոս Անջելեսում: Խմբերի մեծամասնությունը փորձում է օգտակար լինել մեր հայ գաղութին: Երբ այս զանգվածային բողոք-անկարգությունները սկսվեցին, մենք շատ արագ ինքնակազմակերպվեցինք:
Միավորումն ավելի ուշ սկսվեց: Սկզբում որոշել էինք պաշտպանել եկեղեցիները, բայց հաջորդ օրը հասկացանք, որ մենք շատ ռեսուրս ունենք ու մեր հսկողությունը կարող է ավելի լայնամասշտաբ լինել:
Մենք տեղեկություն ստացանք, որ բողոքողների զանգվածը պլանավորում է Գլենդել գալ, որտեղ շատ մեծ հայկական համայնք ունենք, ինչպես գիտեք: Որպեսզի կոնֆլիկտներ չլինեն, մենք գտանք այն բողոքողներից ոմանց, ովքեր մասնակցելու էին Գլենդելի դեմ ակցիային ու զգուշացրինք, որ բաց ձեռքերով իրենց չենք ընդունելու մեր քաղաքում: Նաև զգուշացրինք, որ մեր համայնքը զինված է ու քաղաքում ապօրինություններ կամ թալան թույլ չենք տալու:
Մեր զգուշացումից հետո մտափոխվեցին և հետաձգեցին իրենց ակցիան Գլենդելում: Բայց միևնույն է, մի փոքր մաս եկավ, որոնց մի մասին մեր տղաները կանգնեցրին, մյուս մասին՝ Գլենդելի ոստիկանությունը: