ԱՄՀ-ն բյուջետային ծախսերի համաֆինանսավորման նպատակով Հայաստանին կտրամադրի 315 մլն դոլար
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ստորագրված պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Նախարարը նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը չի կարող իր ազդեցությունը չունենալ բյուջետային ցուցանիշների վրա, և Հայաստանի դեպքում ենթադրվում է, որ անկումը կհանգեցնի հարկային եկամուտների նվազման, ինչն էլ կհանգեցնի դեֆիցիտի մեծացման:
«Դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ է փոխառու միջոցների ներգրավում, հետևաբար՝ դեֆիցիտի մեծացումը կհանգեցնի նաև պարտքի աճի, և սրանք միակ հետևանքները չեն, որ, ենթադրվում է, կարձանագրվի աշխարհի գործնականում բոլոր երկրներում:
Բայց այս նախագծով առաջարկում ենք հավանության արժանացնել վարկային համաձայնագրի նախագիծ, որը գնահատվում է կանխարգելիչ, և ենթադրվում էր, որ մենք միայն արտաքին ցնցումների դեպքում կօգտվենք Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից մեզ տրվող վարկից:
Այս զարգացումները հաշվի առնելով՝ մենք մարտի վերջին ավարտեցինք բանակցությունների փուլը, և համաձայնություն ձեռք բերվեց, որ կարող են հասանելի լինել 315 միլիոն դոլարին համարժեք գումար, որից 206 միլիոնն արդեն իսկ հասանելի է»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այն կօգտագործվի բյուջետային ծրագրերի համաֆինանսավորման համար:
Վարչապետը հավելեց՝ մինչ այժմ վերանայվել է մոտ 550 հազար ֆիզիկական անձանց 682 միլիարդ դրամի վարկի գծով պարտավորությունները 45 միլիարդ դրամի չափով, այսինքն՝ վարկային արձակուրդներ են ձևակերպվել, և 17400 իրավաբանական անձանց 640 միլիարդ դրամի վարկի գծով 57 միլիարդ դրամի ընթացիկ պարտավորությունների հետ կապված վարկային արձակուրդ է տրամադրվել: