Կառավարման համակարգը մշտապես ձգտում է ավելի արդյունավետ լինել. Պապիկյանը՝ պաշտոնանկությունների մասին

hrajarakanneri masin

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը անդրադարձել է ԱԱԾ  և Ոստիկանության ղեկավարների փոփոխությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պապիկյանն այս մասին տեսակետ հայտնեց ԱԺ-ում՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե այս մասին քննարկում եղե՞լ է կուսակցությունում, արդյոք անհանգստացնող չեն ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի նման փոփոխությունները:

«Անհանգստացնող ոչինչ չեմ տեսնում, դա բնականոն պրոցես է: Վարչապետը նման որոշում է ընդունել: Տվյալ փուլում մեր գործընկերների հետագա պաշտոնավարումը, մի մասինը գուցե իրենց ցանկությամբ, մի մասինը՝ գուցե վարչապետ որոշմամբ, այլևս նպատակահարմար չի համարվել: Պատճառները տարբեր են, ես հիմա ոչինչ նշել չեմ ուզում: Վարչապետն առաջիկայում ասելիք կունենա, նաև կխոսի մանրամասների մասին»,-ասաց Պապիկյանը:

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է, որ պաշտոնից ազատումները կապված են եղել համավարակի շրջանում որոշակի դժգոհությունների հետ, Պապիկյանն ասաց. «Կառավարման պետական համակարգը մշտապես ձգտում է ավելի արդյունավետ լինել: Մեր գործողությունները միտված են այդ համակարգերն ավելի արդյունավետ դարձնելուն»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 8-ին որոշում է կայացրել գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակել ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանին՝ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանին՝ Ոստիկանության պետ: Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 8-ին ավելի վաղ ստացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։

Աննա Գրիգորյան

Ձեզ կհետաքրքրի...