Կանխվել է քողարկման աննախադեպ եղանակով թմրամիջոցի ներթափանցման փորձը «Նուբարաշեն» ՔԿՀ

tmranyut

2020 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, քաղաքացու կողմից կալանավորված անձի անվամբ բերված հագուստեղենի և սրբիչի պարունակությամբ հանձնուքի զննությամբ հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող լուծույթով նախապես ներծծված չոր շապիկ։

Նման եղանակով քողարկված թմրամիջոցի տեղափոխման փորձն աննախադեպ է քրեակատարողական հիմնարկներում, այն առավել բնորոշ է մաքսանենգության դեպքերին, երբ հնարամտորեն թաքցված թմրամիջոցը հետագայում լուծվում է հեղուկի մեջ և քամելու միջոցով տարանջատվում մնացած պարունակությունից։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Կալանավորված անձի անվամբ բերված հանձնուքում առկա հիշյալ շապիկը և մնացած հագուստն առգրավվել են,  նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձեզ կհետաքրքրի...