Երկար տարիներ ատոմակայանից ավելի շատ վերցրել են, քան տվել. վարչապետ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց Հայկական ատոմակայանի վերանորոգման՝ ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ կնքված վարկային պայմանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին:
«Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 2014 և 2015 թվականներին կնքվել են 270 մլն դոլարի վարկային և 30 մլն դոլարի դրամաշնորհային համաձայնագրեր:
«Արդեն 2018-ի դեկտեմբերից վարկի երկարաձգման համար սկսվել են բանակցություններ: Նախ մենք ժամկետի երկարացման խնդիր ունենք, քանի որ հնարավոր չի եղել ծախսել առկա վարկային գումարը: Այս պահի մնացորդը 107 մլն դոլար է: Սակայն աշխատանքները ամբողջությամբ ավարտելու համար մենք նպատակահարմար ենք համարում Հայաստանի սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել»,- ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Ըստ նրա, նախատեսվում է 2020-2022 թթ. ընթացքում բյուջեից տրամադրել 62,3 մլրդ դրամի գումարի չափով բյուջետային վարկ:
«Այս նպատակով կստեղծվի միջգերատեսչական մրցութային հանձնաժողով: Սա շատ կարևոր է հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերանորոգումը պատշաճ ժամանակին ավարտելու համար»,- վստահեցրեց նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ մինչեւ այժմ գոյություն ունեցած վարկը իր չափերով և պայմաններով այնքան էլ հարմար չի ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար: «Մենք հրաժարվում ենք այդ վարկի մի մասից և դրա փոխարեն ներգրավում ենք ներքին աղբյուրներից միջոցներ, որն աներկբա շատ ավելի լավ պայմաններով է ներգրավելու և ավելի է մեծացնելու կառավարության լծակները այդ վարկի օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու առումով: Նախկինում որոշակի սահմանափակումներ ունեինք, այդ թվում՝ գնումների մասով, թե ումից է պետք գնումներ իրականացնել, ինչպես է պետք իրականացնել: Այս պարագայում մենք կարողանում ենք գնումների գործընթացն ամբողջությամբ դնել շուկայական տրամաբանության մեջ և շուկայից ձեռք բերել ապրանքներ մրցակցային սկզբունքով: Այս պարագայում ապրանքների գները կլինեն ավելի ցածր, հույս ունենք, որ որակով առնվազն չեն զիջի նախկին պայմաններով ձեռք բերածին»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ երկար տարիներ ԱԷԿ-ը եղել է մի օբյեկտ, որից ավելի շատ վերցրել են, քան տվել. «Մենք կոնկրետ խնդիր ունենք ատոմակայանի արդյունավետությունը բարձրացնելու, որը ոչ միայն կառավարման, այլև էներգետիկ անվտանգության խնդիր է: Հստակ խնդիրը ձևակերպված է նախարարի առաջ, որը պետք է հստակ կատարվի»: