ՀՀ-ն վիզաների դյուրացման պայմանագրի հետ կապված հարցերը կանոնավոր կերպով քննարկում է ԵՄ-ի հետ

visaner

Հայաստանը Եվրամիության հետ ունի կանոնավոր երկխոսության համար տարբեր հարթակներ, չի հապաղում բարձրացնել ՀՀ քաղաքացիների համար խնդրահարույց հարցերը՝ կապված վիզաների դյուրացման պայմանագրի իրականացման հետ:  ՀՀ Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ԼՀԿ-ից Կարեն Սիմոնյանի՝ վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ հարցին: 

«Վիզաների դյուրացման պայմանագիրը գործող այն իրավական շրջանակն է՝ իրականացնելու մարդկանց տեղաշարժի դյուրացման գործառույթը: Եվ դա նաև համադրվում է մեկ այլ կարևոր պայմանագրի հետ՝ Ռեադմիսիայի պայմանագրի: Սա շատ էական է դիտարկել համադրված: Ունենք որոշ հարցեր, որոնք կապված են վիզաների դյուրացման պայմանագրի իրականացման հետ, որովհետև մենք բավականին զգայուն ենք այն տարբեր հարցադրումներին, որոնք պարբերաբար առաջ են բերվում մեր քաղաքացիների կողմից: Մենք ունենք համապատասխան հարթակ՝ ԵՄ-ի հետ այդ հարցերը կանոնավոր քննարկելու համար: Բոլոր առումներով մենք ունենք կանոնավոր երկխոսություն և չենք հապաղում բարձրացնել բոլոր հարցերը, որոնք խնդրահարույց են մեր քաղաքացիների համար»,-ասաց Մնացականյանը:

Նախարարը նշեց՝ միաժամանակ Հայաստանը միշտ շատ հստակ ընդգծում է, որ կառավարությունը որևէ դեպքում չի իրականացնելու որևէ գործառույթ, որը որևէ կերպ ենթադրի կամ տպավորություն ստեղծի, որ կարող է խթանել անօրինական միգրացիան: Սա խստագույնս բացառվում է , բայց կանոնավոր, օրինական տեղաշարժի համար պայմանների բարելավումը մնում է կարևոր նպատակ: «Ռեադմիսիայի պայմանագիրը և մեր կողմից իրականացման որակը մեզ հնարավորություն է տալիս պնդելու, որ մենք իրականացնում ենք մեր պարտավորություններն այնպես, որ կարող ենք շարունակել ավելի խորացնել շրջանակը, հնարավորությունները՝ վիզաների դյուրացման, այս դեպքում՝ արդեն վիզաների ազատականացման երկխոսության սկզբի առումով»,-ասաց Մնացականյանը:

«ՀՀ և ԵՄ միջև Մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը և «ՀՀ և ԵՄ միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագիրը ուժի մեջ են մտել  2014 թվականի հունվարի 1-իցՄուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրով ՀՀ մի շարք խմբերի քաղաքացիների համար պարզեցված մուտք է նախատեսվում Շենգենյան գոտու երկրներ:

Աննա Գրիգորյան

Ձեզ կհետաքրքրի...