144 սոցիալական բնակարաններում ապրում են միայնակ տարեցներն ու մանկատան շրջանավարտները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադարձավ սոցիալական բնակարնների կառուցմանը։
Պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին, թե քարտեզագրվե՞լ են արդյոք՝ Հայաստանի ո՞ր համայնքներում են անօթևան քաղաքացիները շատ, և ինչպե՞ս է կառավարությունը փորձելու օգնել նրանց տանիքով ապահովելու հարցում։
Նախարարը նշեց, որ 2019 թվականին սոցիալական նոր բնակարաններ չեն կառուցվել, փոխարենը սոցիալական բնակարաններով սպասարկել են։
«Ընդամենը 144-ն ունենք, որոնք տարբեր համայնքներում են՝ Մարալիկ, Սպիտակ, Արարատ, Երևան, որտեղ բնակվում են միայնակ տարեցներ և ձեր նշած խոցելի խմբերը, մանկատան շրջանավարտները։ Այս տարի բնակարանների գնման վկայականների միջոցով, երբ որոշ մանկատան շրջանավարտներ կունենան սեփական բնակարանը, մենք հնարավոր է, որ այստեղ կունենանք հավելյալ ռեսուրսներ»,- ասաց Բաթոյանը։
Զ․ Բաթոյանը նաև նշեց, որ սոցիալական բնակարանների սպասարկումը, ստեղծումը միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտում չէ։ Ընդգծեց՝ այստեղ կարևոր դեր ունեն նաև համայնքները։ Տեղեկացրեց, որ միջգերատեսչական համագործակցությամբ համատեղ աշխատանքն ընթացքի մեջ է, որով նախատեսում են համատեղ իրականացնել բնակարանների հարցի լուծումը։
Skip to content
