«Սա մղձավանջ է. տատիկը, հոնգուր-հոնգուր լաց լինելով, ասում էր՝ փրկե՛ք ինձ, որ գնամ, հասնեմ թոռնուհուս». բժիշկ Մարիամ Հարությունյան

Ordinatorner

ԵՊԲՀ կլինիկական օրդինատոր, ներքին բժշկության մասնագետ, թերապևտ, բժիշկ Մարիամ Հարությունյանը, ով կորոնավիրուսի օրերին ընդգրկվել էր Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի կամավորների ցանկում, այսօր աշխատում է կորոնավիրուսով հիվանդների հետ և փրկում կյանքեր։ — Ե՞րբ եք առաջին անգամ հանդիպել կորոնավիրուսով հիվանդների հետ։ -Ապրիլի 20-ն էր, երբ առաջին անգամ գնացի աշխատանքի վերակենդանացման բաժանմունք, վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն։ Դա առաջին օրն էր՝ լի էմոցիաներով։ — Ի՞նչ գրաֆիկով եք աշխատում, այս ընթացքում ի՞նչ դժվարությունների եք հանդիպում։ -Աշխատում եմ անպատմելի բարդ գրաֆիկով, օրը 24 ժամ ոտքի վրա՝ ծայրահեղ ծանր հիվանդների հետ, որոնց վիճակը գնալով ավելի ու ավելի է ծանրանում, քան մեկ ամիս առաջ էր։ Դժվարությունները շատ-շատ են. երբ առավոտյան արդեն արտահագուստով, դիմակով, երկու շերտ ձեռնոցներով հագնվում ու մտնում ես ներս այդ ջերմաստիճանին, ինձ մոտ արդեն հիպոքսիա (թթվածնաքաղց) է սկսվում և այդպես օրը 24 ժամ աշխատում ես, նույնիսկ եղել են դեպքեր, որ ժամանակ չենք ունեցել ընդմիջում անելու, որովհետև հիվանդները շատ էին, բոլորը թթվածին կախյալ հիվանդներ ու բոլորին պետք էր ճիշտ ժամանակին օգնություն ցուցաբերել։ Վերակենդանացման բաժանմունքում բարդ է աշխատանքը, պետք է ամեն ինչ ժամանակին արվի, դրա համար մենք մեր մասին շատ ժամանակ մոռանում ենք։ -Կյանքը կորոնավիրուսից առաջ և հիմա, ինչպիսի՞ն էր Ձեզ համար։ -Կարող եմ ասել, որ հիմա ավելի արժևորված է կյանքը, քան՝ առաջ: — Կպատմե՞ք  Ձեր զգացողութունների մասին. արդյո՞ք չկար վախ, որ փրկելով ուրիշի կյանքը, կարող էիք հենց Դուք վարակվել։ -Այսպես ասեմ՝ իմ մասնագիտությունը ոչ միայն մասնագիտություն է, այլև՝ առաքելություն, դրա համար ընդհանրապես չեմ վախեցել, որովհետև իմ պարտքն էր փրկել հիվանդի կյանքը։ Եթե հիվանդը իմ կարիքն ունի, ես դա պետք է անեմ, ինչ գնով էլ լինի։ Իհարկե, շատ զգույշ եմ և պատրաստված։ —Ընտանիքի անդամները ի՞նչ մտահոգություններ ունեին, դեմ չէի՞ն։ -Ընտանիքիս անդամները, իհարկե, դեմ էին, բայց, գիտակցելով այս ամենի լրջությունը, համակերպվեցին։ Հայրս ամեն հարցում միշտ կողքիս է, մայրս, դե մայրական սիրտ է… աղոթում են ինձ համար, որ ամեն ինչ լավ լինի։ — Ինչպե՞ս է կատարվում կորոնավիրուսով հիվանդների բուժումը։ -Մեզ մոտ կորոնավիրուսով հիվանդների բուժումը կատարվում է վերակենդանացման բաժնի վարիչ Անահիտ Բարսեղյանի գլխավորությամբ՝ փորձառու բժիշկների, բուժանձնակազմի պատրաստակամ, սրտացավ վերաբերմունքի շնորհիվ։ Բոլոր հիվանդներին անհատական մոտեցում է ցույց տրվում։ — Որո՞նք են այս ընթացքում տարածված ամենամեծ սխալները մարդկանց կողմից, միֆերը հիվանդության մասին։ -Մարդկանց կողմից սխալները շատ են՝ անլուրջ վերաբերմունքը, դիմակ չկրելը, դիմացինի, իրենց տատիկ-պապիկների մասին չմտածելը, որովհետև ամենախոցելի խմբում հենց նրանք են, ինչպես նաև խրոնիկ, սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ, դիաբետով հիվանդները։ Ուղղակի պետք է տեսնել, թե մեր շուրջը ինչ է կատարվում և հետևություններ անել։ Սա խաղ չէ, սա կապիկություն չէ, վիրուսը կա, ուղղակի կուզեմ՝ այն մարդիկ, ովքեր չեն հավատում, հինգ րոպեով ներս գան և տեսնեն իրավիճակը։ — Ձեզ ամենաշատ տպավորած դեպքը ո՞րն է, ինչի՞ց եք առանձնակի հուզվել։ -Ունեի հիվանդ տատիկ՝ 72-73 տարեկան, մեզ մոտ եկել էր թթվածին կախյալ վիճակում՝ ծայրահեղ ծանր։ Ինձ հուզել է այն պահը, որ տատիկը հոնգուր-հոնգուր լաց լինելով ասում էր՝ «Փրկե՛ք ինձ, որ գնամ հասնեմ իմ թոռնուհուն»։ Թոռնուհին 12-13 տարեկան էր, միակ խնամակալը տատիկն էր, նա մնացել էր բարեկամի տանը։ Իհարկե, նմանատիպ դեպքեր շատ են լինում, որ բոլորին հուզում են և հոգեվիճակի վրա ազդում։ Սա մղձավանջ է, որ բոլորն ուզում են դուրս գալ։ — Ի՞նչ հոգեվիճակում էին հիվանդների հարազատները, կապ եղե՞լ է նրանց հետ։ -Հիվանդների հարազատների հետ կապ պահպանում ենք, նրանք զանգահարում են, իմանում իրենց հիվանդի վիճակը, իսկ մենք մեծ սիրով տեղեկություն ենք տրամադրում։ Հարազատները շատ են հուզվում, լարվում. նրանք չգիտեն, թե ինչ է կատարվում։ — Ձեր խորհուրդը մարդկանց` ի՞նչ անել և ի՞նչ չանել։ — Մեր լավագույն մասնագետներից մեկն ասել է. «Իմ դիմակը փրկում է քեզ, քոնը՝ ինձ», ուզում եմ բոլորին ասել, որ մենք այսպես ասած «առաջնագծում» ենք, պայքարում ենք Ձեզ համար և կոչ եմ անում՝ պահպանել բոլոր կանոնները, հետևել պարետի ցուցումներին. դա պետք է մեր առօրյան դարձնենք։ Տնից դուրս գալիս պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրե՛ք , պահպանե՛ք սոցիալական հեռավորություն. դրանք պարտադիր են, որ մենք կարողանանք պայքարել, որովհետև արդեն ընտրության առաջ ենք կանգնում տեղ չլինելու պատճառով։ Մենք ընտրում ենք հիվանդներին՝ որո՞նց ընդունենք և որո՞նց՝ ոչ՝ կախված տարիքից և ծանրության աստիճանից։ Ուզում եմ, որ մարդիկ վերջ տան իրենց անլուրջ վերաբերմունքին, սթափվեն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բուժաշխատողներին անխտիր. այն աշխատանքը, որ այս օրերին մենք անում ենք, նկարագրել հնարավոր չէ։ Ուզում եմ մարդիկ պահպանեն գոնե տարրական կանոնները, որ այն բուժաշխատողները, ովքեր այս ամիսներին տուն չեն գնացել, ովքեր ունեն փոքր երեխաներ, գնան, հասնեն իրենց ընտանիքներին: Գայանե Հարոյան

 

Լուսնակարները՝ Մարիամ Հարությունյանի անձնական արխիվից

 

news.am

Ձեզ կհետաքրքրի...