ՃՏՊ Գյումրի քաղաքում․ կան տուժածներ
Հունիսի 16-ին, ժամը 01:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրից դեպի Սևերսկի թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Տեր-Գաբրիելյան և Օզանյան փողոցների խաչմերուկում «Mercedes-Benz E220» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Աշոտ Մ․, ծնված 1998 թ․) բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը (Գուրգեն Ա․) ստացել են մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Փրկարարները Գուրգեն Ա․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածները հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը: