Հայաստանը կունենա ազգային կիբերանվտանգության կենտրոն

anvtangutyun

Հայաստանում վերջին շրջանում էլեկտրոնային առևտրի ծավալը մեծացել է մոտ երեք անգամ, էլեկտրոնային վճարումներն ավելացել են 2-3 անգամ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը՝ ավելացնելով, որ հարցում են կատարել ընկերությունների շրջանում՝ փորձելով հասկանալ ծավալները: Ավելացումները հիմնականում կապված են համավարակով պայմանավորած բազմաթիվ գործընթացներ առցանց հարթակ տեղափոխելու հետ: 

«Ելնելով իրավիճակից, երբ եղան տեղաշարժի սահմանափակումներ,  քաղաքացիների զգալի մասը, ովքեր տեխնոլոգիաներ չէին օգտագործում, սկսեցին օգտագործել, օնլայն առևտուր կատարել, օնլայն տեղեկատվություն ստանալ, սոցիալական ցանցերում ակտիվանալ, ավելի շատ ինֆորմացիա ստանալու համար: Ունեցանք միտում, որ շատերը թվային գործիքների նկատմամբ իրենց հմտություններն ավելի բարելավեցին կարճ ժամանակահատվածում: Այստեղ պետք է ասել, որ որքան գործընթացները տեղափոխվում են առցանց հարթակ, այդքան այդտեղ շարքային քաղաքացու համար առաջ է գալիս վստահության խնդիր. որքանով եմ վստահ, որ վճարումը կատարվեց, որքանով եմ վստահ, որ իմ տվյալները լրացվեցին, պատասխան տեղեկատվություն ստացա կամ չստացա և այլն»,-ասաց նախարարի տեղակալը: 

Էլեկտրոնային գործընթացների ավելացմանը զուգահեռ այս ընթացքում քաղաքացիներն ի՞նչ խնդիրների են բախվել և ի՞նչ հարցեր են վերհանվել: Ստեփան Ծատուրյանը նշեց, որ հիմնականում առցանց գործընթացներում առկա է էլեկտրոնային առևտուրը: Կենսական նշանակության պահանջները բավարարելու այս  ճանապարհին առաջացած խնդիրներն են՝ ինչպես օգտվել համակարգից, ինչպես վճարում կատարել, ինչպես ստանալ ապրանքը: 

«Նախարարի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում այն ընկերությունների հետ, որոնք էլեկտրոնային առևտրով են զբաղված, լսելու նրանց մտահոգությունները, քանի որ նրանց առաջարկած ծառայություններն են ստանում մեր քաղաքացիները: Կարող ենք ասել, որ կան խնդիրներ վճարման համակարգերի, ապրանքը տեղ հասցնելու հետ կապված»,-ասաց նա: Նախարարի տեղակալն ընդգծեց, որ իրենց հիմնական նպատակն այն է, որ վճարային համակարգերն ավելի դինամիկ լինեն ու հասանելի դառնան ազգաբնակչությանը: Հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի միջազգային էլեկտրոնային վճարման համակարգերի համար Հայաստանը կարողանա ավելի գրավիչ դառնալ, և այդ ընկերությունները գան, Հայաստանում ունենան իրենց ծառայությունը: Ստեփան Ծատուրյանը նշեց, որ այդ ուղղությամբ տեղաշարժ կա, ակտիվ բանակցում են, որոշակի ժամանակ է պետք բանակցային փուլն անցնելու համար: 

«Միևնույն ժամանակ ասեմ, որ առցանց հարթակում գործընթացների ակտիվացմանը զուգահեռ առկա է խնդիր նույն կիբերանվտանգության հետ կապված: Տեխնոլոգիաները զարգանում են, ռիսկերը մեծանում են, ավելանում է այն հնարամիտների թիվը, որոնք խարդախ ճանապարհով փորձում են գումար կորզել: Այս բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են: Մեր նախարարության նոր ռազմավարության մեջ հստակ ամրագրված է այն, որ  Հայաստանը պետք է ունենա ազգային կիբերանվտանգության կենտրոն: Այսինքն՝ ունենանք մի կենտրոն, որը պատասխանատու կլինի ընդհանուր կիբերանվտնագության հարցերով, այդտեղ կլինի կրթական ուղղություն, գործող համակարգերի մշտադիտարկում: Եթե լինեն համակարգեր, որոնք օրինակ խարդախ են, այլ նպատակներ ունեն, ապա կիբերանվտանգության կենտրոնի խնդիրներից մեկը կլինի կիբերտարածքում պաշտպանել մեր քաղաքացիների շահերը»,-ասաց նախարարի տեղակալը:  Կիբերանվտանգության (Cyber security) կենտրոնը լուծելու է էլեկտրոնային համակարգերի անվտանգության ապահովման խնդիրները: Կենտրոնն ամբողջական էկոհամակարգ է ձևավորելու, այդ թվում՝ մասնագետների վերապատրաստման, իրազեկման, գրագիտության բարձրացման միջոցառումներ ու ծրագրեր են իրականացվելու:

Նախարարությունն առաջնահերթ կարևորում է թվային կրթության ուղղությունը: Այդ համատեքստում, նախարարի տեղակալը նշեց, որ թվային տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից, հիմնաքարային խնդիրներից մեկը ենթակառուցվածքների զարգացումն է, թվային գործիքից օգտվելու հնարավորության ընդլայնումը, կրթական ծրագրերի իրականացումը: Այս ուղղություններով մշակված են միջոցառումների ծրագրերը:

Աննա Գզիրյան

Ձեզ կհետաքրքրի...