Որոշել են դիմել Հրայր Թովմասյանին, ում դեմ էին քվեարկել. Ալեն Սիմոնյանը՝ ԲՀԿ-ի նախաձեռնության մասին
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը գերազանց է գնահատում ԲՀԿ-ի այն նախաձեռնությունը, ըստ որի նրանք դիմելու են Սահմանադրական դատարան՝ արտակարգ դրության ռեժիմում հավաքների արգելքը հանելու համար։
Լրագրողների հետ հետ զրույցում շարունակելով այս թեման՝ Սիմոնյանն ասաց, որ պետք է տեղի ունենա կոորդինատների ճշտում։ Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանի հետ կապված բոլոր խնդիրների պարագայում իր գործընկերները խոսել են այն մասին, որ մեծ հաշվով համաձայն են, որ ՍԴ-ում կա խնդիր եւ, որ նույնիսկ դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը։ Իսկ հիմա, ինչպես ասաց Սիմոնյանը, որոշել են դիմել իրենց դեմ քվեարկած Հրայր Թովմասյանին, որպեսզի նա լուծում տա։ ԱԺ փոխխոսնակը նշեց, որ հենց այստեղ կոորդինատների ճշտման փուլն էլ ավարտին կմոտենա, բայց եւ հավելեց, որ մինչ այդ, հնարավոր է, ՍԴ-ի հարցը լուծում ստանա իրենց կողմից։
Անդրադառնալով այն տեսակետին, թե Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու որոշումը քաղաքական հետապնդում է, Սիմոնյանը պատասխանեց․«Քաղաքական գործիչը, կամ ԱԺ պատգամավորը կարող է յուրաքանչյուր օրենք խախտել, եւ այն պարագայում, երբ դատախազը դիմում է ԱԺ, ասի, որ սա քաղաքական հետապնդում է։ Մենք պետք է հասկանանք՝ արդյո՞ք ՀՀ-ում ընտրակաշառք բաժանվել է, թե՝ ոչ»,- ասաց Սիմոնյաը եւ հավելեց, որ գրեթե ցանկացած լրատվամիջոցներում տեսել են դրա մասին նյութեր։ Հիմա միակ խնդիրը, ըստ նրա, այն է, որ այս պահի դրությամբ միայն այս դեպքն է բացահայտվել, բայց եւ վստահեցրեց, որ մնացած բոլոր դեպքերը նույնպես բացահայտվելու են։
Խոսելով ԲՀԿ-ի կողմից հնչող տեսակետներին, թե Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ պատգամավորը շեշտեց, որ հեղափոխությունից հետո իշխանության առնվազն 3 բարձրաստիճան ներկայացուցչի հետ կապված քրեական գործեր կան, որոնք այսօր ընթացքի մեջ են: «Դա նույնպե՞ս հատուկ սարքված է, քաղաքական հետպանդու՞մ է: Եվ այդ գործերից մեկի ընթացքում ի հայտ են եկել տեղեկություներ, քննչական մարմինը պետք է ասեր՝ եթե դա վերաբերում է ԱԺ պատգամավորին, դնենք մի կո՞ղմ»,-ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմության հայտարարությանը, թե Ծառուկյանի գործը անմիջականորեն կապված է նրա՝ ավելի վաղ հնչեցրած հայտարարության հետ, որ կառավարությունը պետք է 100 տոկոսով փոխվի՝ Սիմոնյանը նշեց, որ քրեական գործը եղել է հարուցված շատ ավելի շուտ, քան եղել է Ծառուկյանի հայտարարությունը:
Լրագրողներից մեկը մեջբերեց, որ արտախորհրդարանական ուժերը, նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կուսակցությունը, սատարող հայտարարություն է արել, եւ ԲՀԿ-ն, կարծես, համագործակցում է նրանց հետ։ Սիմոնյանն ի պատասխան ասաց, որ շատ լավ է վերաբերում այս համագործակցությանը։ «Թող բոլորով հավաքվեն մի տեղ, որ ՀՀ քաղաքացին իմանա՝ ով ով է»,- ասաց նա եւ հավելեց, որ հեղափոխությունից հետո ունեցել են դիմադրության մի քանի աստիճաններ։ Այդ փուլերն, ըստ նրա, շարունակվում են, եւ այսօր այդ բեկորները եթե հավաքվում են մի վայրում, միայն լավ է եւ ուժեղացնում է իշխանությանը։ Նրա կարծիքով՝ ընդդիմադիր դաշտը պետք է լինի նոր մարդկանցով, որոնք ինչ-որ ընտրության ժամանակ կփոխարինեն այսօրվա իշխանությանը։ Հաջորդող հարցին, թե ավարտվա՞ծ է արդյոք հեղափոխությունը, Սիմոնյանը պատասխանեց, որ ավարտված է տարբեր փուլերով։ «Երեկ Սերժ Սարգսյանի կուսակցությունը դեռ իրեն թույլ է տալիս հայտարարել, թե իրենք դեռ պետք է քաղաքացիների հետ անկեղծ զրույցի ժամանակ ունենան, անկեղծ զրույցի ժամանակը անցել է, եւ եթե իրենք իրենց թույլ են տալիս այսօր քաղաքական ակտիվություն ցուցաբերել, մտածել, որ կարող են մարդկանց հերթական անգամ խաբել, մենք այդ բանը թույլ չենք տալու եւ մարդիկ էլ թույլ չեն տալու»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։
Լրագրողներից մեկը նաեւ հարցրեց, թե արդյո՞ք կաշառք բաժանելու հիմքեր չեն գտնվել ՀՀԿ-ի գրասենյակում, ինչին ի պատասխան Սիմոնյանն ասաց, որ այդ հիմքերը փնտրվում են։ «Եթե լինում է փաստաթուղթ, ընթացք է ստանում, բայց գործելաոճի 2 տարբեր տեսակ է եղել եւ հաճախ ՀՀԿ-ի հետ կապված եղել է մի իրավիճակ, երբ այդ թելը կտրվել է շատ ցածր օղակի վրա՝ չգնալով մինչ ամենաբարձր կետը»,- ասաց նա եւ մեջբերեց, ո Գագիկ Ծառուկյանի պարագայում հաշվետվությունը գնացել է մինչեւ կուսակցության առաջին դեպք։
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու ԲՀԿ-ի նախաձեռնությանը, Ալեն Սիմոնյանը չկարողացավ ասել՝ կմիանան այդ նախաձեռնությանը, թե ոչ. «Կքննարկենք գործընկերների հետ, բայց ես արտահայտում եմ իմ կարծիքը և ասում, որ կան հարցեր, որոնք միգուցե ճշտելու կարիք ունեն, թե ինչու են պատգամավորներն առանց դիմակ, ինչու են հայտարարում, որ դիմակը պետք չէ, ինչու են որոշ մարդիկ ասում, որ կորոնավիրուս գոյություն չունի։ Կարծում եմ՝ դրա հետ կապված պատասխաններ կունենանք»,-ասաց Ալեն Սիմոնյանը։