«Տելեգրամ» բջջային հավելվածով փորձել էր թմրամիջոց վաճառել․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումը
Հունիսի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները և անչափահասների գործերով ծառայողները վարչական շրջանում շրջիկ ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան ու, մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի՝ հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Մերսեդեսի» զննությամբ հայտնաբերվել է ապակե և պլաստմասսայե 15 տարա՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով, որոնց ընդհանուր քաշը գերազանցել է 230 գրամը։ Բերման ենթարկվածի հայտնածով` տարաներում թմրամիջոց է եղել։
Հետագա միջոցառումներով Արաբկիրի ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ բերման ենթարկվածը փորձել է «Տելեգրամ» բջջային հավելվածի միջոցով թմրամիջոց իրացնել տարբեր անձանց, ուստի մարիխուանայով լցված նմանատիպ տարաներ է թողել Արաբկիր վարչական շրջանի տարբեր հատվածներում։ Այդ տարաները ևս հայտնաբերվել են։ Դրանց ընդհանուր քաշն էլ գերազանցել է 100 գրամը։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։