«30 տարի ասել են պայքարեք կոռուպցիայի դեմ, իսկ հիմա, որ ռեալ պայքար է սկսվել, ասում են ինչո՞ւ եք ընդդիմությանը ճնշում»
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հրապարակել ոչ թե կորոնավիրուսով վարակվածների թաղամասերը, այլ շենքերի հասցեները:
«Պետք է ոչ թե թաղամասերով, այլ շենքերով, հասցեներով հրապարակել, թե որտեղ քանի կորոնավիրուսով հիվանդ մարդ կա: Թող ով չի հավատում՝ գնան տեսնեն: Այսքան ժամանակ չենք կարողացել գոնե մեկ քաղաքացու համոզել, որ գա, կանգնի ասի, որ իր հարազատը մահացել է: Չնայած իրենց սուգն էլ ենք հասկանում»,-ասաց նա:
Թորոսյանը արձագանքեց, որ կարելի է ասենք բազմաբնակարան մեծ շենքի հասցեն հրապարակել։
Փաշինյանը բորբոքված շարունակեց. «Երբ որ սահմանափակումներ էինք դրել կորոնավիրուսի հետ կապված ինֆորմացիա տարածելու, դա էլ պարզվեց խոսքի ազատությունն ենք խախտում: Հիմա չենք խախտում, ով ինչ հիմարություն ասես, ասում է: Ասում են՝ կորոնավիրուս չկա, վթարից մահացածի հարազատներին փող են տալիս, որ համաձայնեն, որ իրենց հարազատը կորոնավիրուսից է մահացել»,- ասաց նա:
Վարչապետն անդրադարձավ նաեւ այն կառույցներին, որոնք 30 տարի Հայաստանին ասել են՝ պայքարեք կոռուպցիայի դեմ, պայքարեք ընտրակաշառքների դեմ, ընտրակեղծիքների դեմ. «Իսկ հիմա, որ ռեալ պայքար է սկսվել, ասում են՝ ընդդիմությանն ինչո՞ւ եք ճնշում: Բա 30 տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են: Դա շատ լավ ձեւ է՝ ես ընդդիմություն եմ, ինձ բան մի ասեք»։