Հետապնդվելիս մեքենայից փաթեթներով թմրամիջոց էր նետել փողոց․ Գուգարքի ոստիկանների բացահայտումը

Gugarq

Ոստիկանության Գուգարքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորի Մոսկովյան փողոցի 46-ամյա մի բնակիչ մարիխուանա տեսակի թմրամիջոց է ապօրինի ձեռք բերում և իրացնում: Ստացված տեղեկությունների իսկությունն ստուգելիս պարզվել է, որ կասկածյալն Արմավիրի մարզում մարիխուանա է ձեռք բերել և Լոռու մարզի Բազում համայնքում 117.000 դրամով 13 փաթեթ թմրանյութ իրացրել «ՎԱԶ-2104» մակնիշի մեքենայով մի տղամարդու:

Կասկածելի մեքենան շուտով հայտնվել է իրավապահների տեսադաշտում: Քրեական հետախույզները, ճանապարհային ոստիկանների հետ միասին, սկսել են հետապնդել: Սակայն Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին վարորդը, չենթարկվելով ճանապահային ոստիկանների «կանգ առ» ազդանշանին, պատուհանից պոլիէթիլենային տոպրակով 13 փաթեթ թմրանյութը նետել է և դիմել փախուստի:

Նույն օրն իրավապահների մեկ այլ խումբ Վանաձորի Մոսկովյան փողոցից ոստիկանության Գուգարքի բաժին բերման է ենթարկել թմրանյութն իրացնելու մեջ կասկածվող 46-ամյա մի վանաձորցու: Քրեական հետախույզներին տեսնելով` տղամարդը նույնպես պոլիէթիլենային տոպրակով շուրջ 10 փաթեթեթ մարիխուանա է պայուսակից հանել ու նետել, սակայն ոստիկանները բռնել են նրան:

Հիշյալ փաթեթներն առգրավվել են և ուղարկվել դատաքիմիական փորձաքննության:
«ՎԱԶ-2104» մակնիշի մեքենայի վարորդի ինքնությունը ճշտելու և հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվել են: Հետևողական աշխատանքն օրեր անց դրական արդյունք է տվել:

Քրեական հետախույզները պարզել են, որ «ՎԱԶ-2104» մակնիշի մեքենայի վարորդը, որը 13 փաթեթ մարիխուանա էր գնել, Լեռնահովիտ գյուղի 27-ամյա բնակիչ է: Հունիսի 17-ին նա, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Գուգարքի բաժին:
Հանգամանքները պարզվում են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձեզ կհետաքրքրի...