Ասկերանում բնակելի նոր շենքեր են կառուցվում
Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով Ասկերանում շարունակվում են բնակելի երեք նոր շենքերի կառուցման աշխատանքները:
«Արցախպրես»-ին Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանն ասել է, որ շինաշխատանքները մեկնարկել են 2019 թվականի սեպտեմբերին.
«Շինությունները լինելու են ժամանակակից պահանջներին համապատասխան, սեյսմակայուն: Ներկայումս ընթանում է շենքերից մեկի տանիքի, իսկ մյուս երկուսի՝ մանսարդային հարկերի կառուցման աշխատանքները: 2-4 սենյականոց 47 բնակարաններն ապահովված են լինելու շուրջօրյա ջրով և ջեռուցմամբ: Դրանց մի մասը նախատեսված է հատկացնել սոցիալապես անապահով, բազմազավակ, հաշմանդամության կարգ ունեցող, զինվորականների ընտանիքներին, իսկ մի մասն էլ՝ հիփոթեքային ծրագրով: Կառուցման աշխատանքները կավարտվեն նոյեմբերին, իսկ 2021 թվականին շենքերը շահագործման կհանձնվեն»:
Խոսելով շրջկենտրոնում բնակարանային խնդրի մասին՝ նա նշել է, որ այդ հարցով քաղաքապետարան հայտ է ներկայացրել 106 քաղաքացի. գործընթացը շարունակվում է: Արցախի ներդրումային հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել հայտերի ծավալուն լինելու դեպքում ևս երկու նոր շենքի կառուցման աշխատանքներ սկսել 2021 թվականին: