ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ ունեցվածքով են հեռանում ՍԴ անդամները

Sd anfamnery

Երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Սահմանադրությունում փոփոխություններ անելու մասին նախագիծը: Ըստ այդմ, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հրայր Թովմասյանը կդադարի լինել Սահմանադրական դատարանի նախագահ, իսկ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները կավարտվեն, քանի որ նրանք պաշտոնավարել են 12 տարուց ավելի:

ArmLur.am-ն իր շարքի շրջանակներում այսօր կներկայացնի, թե որքան ունեցվածք ունեն հենց այն անձինք, ովքեր առաջիկայում հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Հրայր Թովմասյանը, որը ՍԴ նախագահից դառնալու է շարքային անդամ, 2019 թվականին ոչ մի շարժական կամ անշարժ գույք չի գնել: Սակայն 2019 թվականի դրությամբ նա ունի 3 հողամաս, 2 բնակարան, մեկ ավտոտնակ եւ մեկ առանձնատուն: Հրայր Թովմասյանն իր բանկային հաշիվների վրա պահում է 3 մլն դրամ եւ 5 հազար դոլար, իսկ առձեռն՝ 26 մլն դրամ եւ 22 հազար դոլար: Թովմասյանը Սահմանադրական դատարանից որպես աշխատավարձ ստացել է 14 մլն դրամ, Հայ-ռուսական սլավոնական համալսարանից 180 հազար դրամ, որպես այլ եկամուտ նշել է մեկ մլն դրամ եւ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսն էլ 1300 դոլար է:

Ալվինա Գյուլումյանը  հայտարարագրել է երկու բնակարան, որոնցից մեկը` Ֆրանսիայում, մեկը` Երեւանում,  մեկ ավտոտնակ, երկու հողամաս, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա: Բանկում նա  նախորդ տարի ունեցել է 11 314 եվրո եւ 1 մլն 434 հազար դրամ: Կանխիկ դրամը 2019 թ-ին եղել է 6,200 եվրո: Դատավորի եկամտի աղբյուրը 2019 թ-ին եղել է աշխատավարձը, դրան հավասարեցված վճարումները, վարձակալությունից եւ փոխառությունների ստացված գումարը` 19 մլն 724 հազար դրամ եւ 4700 եվրո:

Մյուս հեռացող դատավոր Հրանտ Նազարյանը 2019 թ-ին հայտարարագրել է մեկ բնակարան եւ ավտոտնակ, բանկում 8 հազար դրամ, կանխիկ՝ 2 հազար եվրո: Դատավորի եկամտի աղբյուրը 2019 –ին եղել են աշխատանքի վարձատրությունն ու փոխառությունները:

Իսկ ահա Ֆելիքս Թոխյանն ունի երկու բնակարան, մեկ ավտոտնակ: ՍԴ դատավորը բանկում ունեցել է 2 մլն 300 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 2 մլն 500 հազար դրամ եւ 5 հազար դոլար: Նրա մեկ տարվա եկամուտը գոյացել է ՍԴ-ում իր աշխատավարձից, կենսաթոշակից, Հայ-ռուսական սլավոնական համալսարանում աշխատանքի վարձատրությունից:

Մանրամասները՝ տեսանյութում

Ձեզ կհետաքրքրի...