Որ դեպքերում որքան կբարձրանա գույքահարկը

Guyqahark

 Ազգային ժողովն այսօր քննարկեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացնելով նախագիծն՝ ասաց, որ կառավարության հեղինակած օրինագծով նախատեսվում է բարձրացնել գույքահարկը, ինչպես նաև հարկ սահմանել 3 մլն դրամից ցածր արժողությամբ գույքի համար:

Նրա խոսքով՝ գործող օրենքի հիմնական խնդիրը նրանում է, որ գույքային հարկերի հարկման բազան, որը կադաստրային արժեքն է, շեղված է շուկայական արժեքներից, այն իմաստով, որ խիստ թերագնահատված է Արման Պողոսյանը նշեց՝ ստեղծված իրավիճակը հանգեցրել է նրան, որ գործնականում ՀՀ-ում գույքային հարկերի ներուժը գրեթե չի օգտագործվում:

Այսպիսով, ըստ նրա, նախագծով առաջարկվում է միավորել հողի և դրա բարելավումների հարկման բազան: Ներկայումս հողի համար առանձին օբյեկտ է սահմանված, առանձին բազա, առանձին դրույքչափեր, հետևաբար՝ հաշվարկվում է առանձին հարկ, բարելավումների համար էլ սցենարը նույնն է: Արդյունքում՝ երկու հարկերը գումարվում են որպես անշարժ գույքի միասնական հարկ:

Մյուս փոփոխությունը սանդղակավորման վերանայումն է: Այժմ առաջարկվում է նաև վերացնել չհարկվող շեմը և համակարգի ներդրումը սահուն իրականացնելու համար այն նախատեսվում է ներդրնել 4 հաջորդական տարիների ընթացքում՝ խուսափելով հարկային բեռի կտրուկ բարձրացումից:

Այպիսով, գույքահարկի համակարգային փոփոխությունների շրջանակներում ուսումնասիրվել և վերլուծվել են Հայաստանի Հանրապետությունում գործող գույքային միավորների բոլոր խմբերի գծով հարկային պարտավորությունները:

Բոլոր այդ խմբերի համար մշակվել են հարկման դրույքաչափերի և սանդղակների մինչև հինգ տարբերակներ: Կատարված վերլուծությունների և քննարկումների արդյունքում կայացված որոշումների հիման վրա մշակված նախագծով առաջարկվում է.

1) կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում կատարել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին: Ընդ որում, հիշյալ համակարգային փոփոխության շրջանակում նախատեսվում է սահմանել նաև, որ անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում ոչ թե հողի և դրա վրա կառուցված շինությունների կադաստրային արժեքներն առանձին-առանձին, այլ այդ գույքային միավորի` որպես հողի և դրա բարելավումների (հողի վրա կառուցված շինությունների) շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հանրագումարը,

2) սահմանել անշարժ գույքի հարկով հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար` նաև նոր դրույքաչափեր,

3) վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը` բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0.05 տոկոս հարկման դրույքաչափ, որը կնպաստի սեփականության իրավունքի վերաիմաստավորմանը և հարկերի վճարման մշակույթի ամրապնդմանը,

4) հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար հարկման նոր համակարգին անցում կատարել չորս տարիների ընթացքում: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2021 թվականին վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի և նոր դրույքաչափերի հիման վրա հաշվարկված հարկի 25 տոկոսը, 2022 թվականին` 50 տոկոսը, 2023 թվականին` 75 տոկոսը, և նոր համակարգը ամբողջությամբ կներդրվի 2024 թվականից:

 

armlur.am

Ձեզ կհետաքրքրի...