Սամվել Մայրապետյանի մեղադրանքը լրացվել է. վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ավելի քան 5 մլրդ ՀՀ դրամի հարկեր չվճարելու գործընթացը կազմակերպելու համար
Սամվել Մայրապետյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սամվել Մայրապետյանը 25.06.2020թ.-ին որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա կազմակերպել է փաստացի իրեն պատկանող ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 5.678.764.260 ՀՀ դրամի հարկեր չվճարելու գործընթացը:
Ըստ մեղադրանքի՝ Սամվել Մայրապետյանին փաստացի պատկանող «Գլոբուս» ՍՊ ընկերությունը պայմանագիր է կնքել կապալառու ընկերության հետ, որի կողմից իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքի Տերյան 66 հասցեում 2006 թվականին կառուցվել է 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք։
Սամվել Մայրապետյանը, ի սկզբանե նպատակ ունենալով չվճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվելիք փաստացի եկամուտից առաջացող հարկերը, 2006 թվականի ընթացքում կազմակերպել է նշված բնակելի շենքի 141 միավոր անշարժ գույքերը «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից առուվաճառքի պայմանագրերում կեղծ՝ շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ նշելու գործընթացը: Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց հետ կնքված առուվաճառքի պայմանագրերում բնակարանների 1 քմ արժեքը նշվել է շուրջ 66.000 ՀՀ դրամ, ավտոկայանատեղիների արժեքը՝ շուրջ 75.000 ՀՀ դրամ, իսկ ոչ բնակելի տարածքների արժեքը՝ շուրջ 61.000 ՀՀ դրամ, մինչդեռ տվյալ տարածքի բնակարանի 1 քմ շուկայական արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 770.000 ՀՀ դրամ, ավտոկայանատեղի արժեքը՝ 160.000 ՀՀ դրամ, իսկ ոչ բնակելի տարածքի արժեքը՝ 875.000 ՀՀ դրամ։
Այնուհետև «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից 2006 թվականի երկրորդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում ակնկալվող 3.072.651.630 ՀՀ դրամի փոխարեն ներկայացվել է ընդամենը 228.696.200 ՀՀ դրամ ԱԱՀ գումար:Բացի այդ, նշված գործարքների իրական արժեքներն ամբողջությամբ չեն ներառվել 2006 թվականի շահութահարկի հաշվարկում. ակնկալվող 2.846.243.830 ՀՀ դրամի փոխարեն ներկայացվել է ընդամենը 11.435.000 ՀՀ դրամի չափով շահութահարկի գումար:
Այսպիսով՝ Սամվել Մայրապետյանի կազմակերպած վերը նշված հանցավոր գործունեության հետևանքով «Գլոբուս» ՍՊ ընկերության փաստացի եկամուտը չի ներառվել հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում, և այդ կերպ պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 5.678.764.260 ՀՀ դրամի հարկ, իսկ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հունիսի 25-ի դրությամբ կազմել են 3.109.123.432 ՀՀ դրամ։
Հետագայում «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու հանցավոր գործունեությունը թաքցնելու, ինչպես նաև դրա բացահայտման վտանգը նվազեցնելու նպատակով նախաձեռնվել է ընկերության լուծարման գործընթացը, որպիսի պայմաններում 2006 թվականի նոյեմբերի 21-ին ընկերությունը լուծարվել է։
Ինչպես արդեն տեղեկացվել է, Սամվել Մայրապետյանը հիշյալ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն արարքների կատարման համար, որ նա օժանդակել է ՀՀ նախկին ղեկավար պաշտոնատար անձանց՝ նախնական համաձայնությամբ ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև օժանդակել է Արմեն Գևորգյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարն օրինականացնելուն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: