Ճամբարակ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Chambarak

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ճամբարակ համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավարը, 2017թ. նոյեմբերից զբաղեցնելով նշված պաշտոնը, աշխատանքային գործունեության ընթացքում դիտավորությամբ չի ձեռնարկել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ ՝ իր կողմից  2008թ. Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 12/10 հասցեում կառուցված ինքնակամ շինությունը քանդելու ուղղությամբ։   

Ավելին, 2019թ. նոյեմբերին՝ ամենամյա արձակուրդի մեկնելուց առաջ, համայնքի ղեկավարը դիմում է ներկայացրել Ճամբարակի համայնքապետարան՝   խնդրելով իր կողմից կառուցված ինքնակամ շինությունը ճանաչել օրինական: Ճամբարակ համայնքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 12-ի որոշմամբ՝ Տիգրան Մեծի 12/10 հասցեում կառուցված շինությունը ճանաչվել է համայնքային սեփականություն և օրինական, ինչպես նաև  ավագանու՝ 12․12․2019թ․ որոշմամբ՝ վերոնշյալ շինությունը ուղղակի վաճառքով տրամադրվել է համայնքի ղեկավարին: Այնուհետև վերջինիս պարտականությունները կատարող անձի՝ 13․12․2019թ․ որոշմամբ՝ ինքնակամ կառույցը որոշվել է վաճառել  համայնքի ղեկավարին։          
                    

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ճամբարակ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձեզ կհետաքրքրի...