Կապանը դառնում է հետաքրքիր էքստրիմի սիրահարների համար. այն կունենա ամենաերկար զիփլայնը

Zip line Kapanum

Հայաստանում համավարակով պայմանավորված զբոսաշրջության ոլորտում բազմաթիվ ծրագրեր հետաձգվեցին, որոշները չեղարկվեցին: Չնայած դժվարություններին, Սյունիքի մարզի Կապան քաղաքում, հետաքրքիր նախաձեռնություններ են կյանքի կոչվում: Մասնավորապես, աշխատանքներ են իրականացվում, որպեսզի Կապանը դառնա հետաքրքիր էքստրիմի սիրահարների համար: Մոտ ժամանակներս ավարտին կհասցվեն Կապանում զբոսաշրջային ոլորտում 2020 թվականին խոշոր ծրագրերից մեկի աշխատանքները: Մասնավոր հատվածի ներդրումների արդյունքում Կապանը կունենա աննախադեպ երկարությամբ զիփլայն: Այն երկար է Ենոքավանի (750 մ) և Երևանի (մոտ 870 մ) զիփլայներից: «Արմենպրես»-ի հետ զրույցում նախագծի ինժեներ Գեղամ Միրոյանը նշեց, որ մի քանի օրից կկատարվեն վերջնական փորձարկումները:  

«Այս զիփլյանի մեկ կետից մինչև մյուս կետը ուղիղ գծով 1080 մետր է: Գետնից ճոպանի ամենաբարձր կետը 160 մետրը գերազանցում է: Այն անցնում է քաղաքի վրայով: Այսինքն, զբոսաշրջիկն անցնեու է շենքերի վրայով: Հիմնականում զիփլայնները բնության գրկում են լինում, սա քաղաքի մեջ է, քաղաքի վրայով է անցնում: Այս զիփլայնը դրանով նույնպես աննախադեպ է»,-ասաց Գեղամ Միրոյանը: 

Զիփլայնի կառուցման աշխատանքները մեկնարկել են անցած տարվա սեպտեմբերի վերջից: Թղթաբանությունից մինչև վերջնական արդյունք՝ ամիսներ շարունակ հետևողական աշխատանքի շնորհիվ այն արդեն պատրաստ է: Գեղամ Միրոյանը նշեց, որ հիմա վերջնական փուլում են: 

«Անվտանգության առումով կարող եմ ասել, որ խնդիր չկա: Աշխատանքները կատարվել են ամենաբարձր մակարդակով: Այցելուների հետ տեղում աշխատանք կկատարվի, կլինի հրահանգավորում: Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա այն քննարկման փուլում է»,-ասաց Գեղամ Միրոյանը:  

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը շատ կարևոր համարեց նման ծրագրի իրականացումը: Այն Կապանում զբոսաշրջության ոլորտում այս տարվա առաջին խոշոր ծրագիրն է: 

«Աշխատանքները գրեթե ավարտման փուլում են: Այն շատ գրավիչ կլինի էքստրիմը սիրող զբոսաշրջիկների համար: Այս նախաձեռնությունը մեծ նշանակություն կունենա Կապանի համար, վստահաբար մեր համայնքը զբոսաշրջիկներին այլ կողմից կներկայանա, այցելուների նոր հոսք կապահովվի: Ցավոք, համավարակով պայմանավորված` ծրագրերը փոխվեցին, սակայն չենք հուսահատվում, մենք և մասնավոր հատվածը շարունակում է աշխատել ու պատրաստվել»,-ասաց Կապան համայնքի ղեկավարը:  

Նա տեղեկացրեց, որ Կապանում ևս մեկ զիփլայն է լինելու, այս անգամ բնության գրկում՝ անտառային հատվածում: Այս ուղղությամբ ևս գործընթացներն առաջ են գնում, օրերս ավագանու օրակարգում այդ նպատակով հողատարածքի օտարման հարցն էր: 

«Զբոսաշրջության զարգացման տեսանկյունից մեծ հույսեր ունենք օդանավակայանի վերաբացման հետ կապված: Դրանից բացի, ինչպես գիտեք, հիմնանորոգվում է Տաթևից Կապան ավտոճանապարհը: Այս տարի պետական միջոցներով հիմնանորոգվում է 12.5 կմ հատվածը, հաջորդ տարի՝ 17.5 կմ-ը: Սա նույնպես կարևոր ենթակառուցված է և զարկ կտա տուրիզմի զարգացմանը»,-ասաց համայնքի ղեկավարը: 

Գևորգ Փարսյանը նշեց, որ քաղաքի բարեկարգման, համայնքին նոր տեսք տալու ուղղությամբ աշխատանքները չեն կանգնում: Ամեն ինչ անում են, որ քաղաքն ավելի գրավիչ դառնա հյուրերի համար: Նախատեսվում է այգիների վերանորոգում, հանգստյան նոր միջավայրի ստեղծում: Կապանում սպասում են երկրում համաճարակով պայմանավորված իրավիճակի բարելավմանը, որպեսզի հետաձգված ծրագրերը նույնպես սկսեն կյանքի կոչել:

Աննա Գզիրյան

Ձեզ կհետաքրքրի...