«Եթե Ռուսաստանում բունտ սկսվեց, արյուն է թափվելու, խաղաղ չի ընթանալու Հայաստանի նման». Արա Պապյան

ara papyan

Ռուսաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեի ստացած ձայների շուրջ ՌԴ իշխանության ոգևորությունը հիշեցնում է 2015-ին Հայաստանում սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո Սերժ Սարգսյանի իշխանության ինքնավստահությունը, որից հետո Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն պատրաստվում էին երկարաժամկետ տեղավորվել իշխանության տարբեր ատյաններում: Թե ինչ եղավ ընդամենը 3 տարի անց, բոլորս գիտենք:  

Ռուսաստանցիների 77,93 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, որոնցով տասնյակ փոփոխությունների շարքում առաջարկվում է նաև զրոյացնել Վլադիմիր Պուտինի նախագահության նախորդ բոլոր ժամկետները, ինչը հնարավորություն կտա երկիրն արդեն քսան տարի ղեկավարող Վլադիմիր Պուտինին կրկին առաջադրվել և Կրեմլում մնալ մինչև 2036 թվականը։ Ինքը Պուտինը այդ հնարավորությունը չէր բացառել։

Արդյոք Վլադիմիր Պուտինին չի՞ կարող սպառնալ Հայաստանում սահմանադրական փոփոխություններով 3-րդ ժամկետի գնացած Սերժ Սարգսյանի տխուր ճակատագիրը: Այս հարցով դիմեցինք «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանին: 

«Դա ոչ թե հանրաքվե էր Սահմանադրության փոփոխությունների մասին, այլ, ըստ էության, դա պարզապես հասարակական կարծիքի հարցում էր, որովհետև ՌԴ խորհրդարանը մի քանի ամիս առաջ Սահմանադրությունն արդեն փոփոխել էր և անկախ, թե ինչ դիրքորոշում կարտահայտեր ժողովուրդը, որևէ բան չէր փոխվելու: Սա արդեն կատարված փոփոխությունների վերաբերյալ ժողովրդի կամարտահայտում էր»,-ասաց վերլուծաբանը՝ շարունակելով. 

«Արդյոք սա հնարավո՞ր է հանգեցնի հետևանքների՝ վիճակի ապակայունացում, խժդժություններ և այլն, եթե միայն այս հանգամանքը լիներ՝ ոչ: Բայց, հաշվի առնելով, որ սա գումարվում է լրջագույն խնդիրներին, մասնավորապես՝ տնտեսական վիճակի վատթարացում, որը պայմանավորված է նավթի և գազի գների անկումով, նաև՝ կորոնավիրուսի հետևանքով կապերի խզումով տարբեր ներռուսաստանյան և արտառուսաստանյան տարածաշրջանների միջև, սա կարող է ազդել, որ այդ դժգոհությունն ավելի սաստկանա»: 

Ըստ վերլուծաբանի՝ պետք է հաշվի առնել նաև, որ արտերկրից ուժեղ հրահրում կա: «Բառացիորեն այսօր մի հաղորդագրություն տեսա, որ ԱՄՆ Սենատում առաջարկվել է անձնապես սահմանափակումներ մտցնել Պուտինի և Շոյգուի նկատմամբ: Եթե դա ընդունվեց, նշանակում է՝ քարոզչության մակարդակով այդ երկու անձի դեմ սկսվելու է լուրջ աշխատանք: Էնպես որ, առաջիկա տարիները հեշտ տարիներ չեն լինելու ոչ Պուտինի, ոչ Ռուսաստանի համար»:   

Հստակեցմանը, թե Պուտինի իշխանության երկարաձգումից հետո հեղափոխություն սպասվո՞ւմ է Ռուսատանում, թե՞ ոչ, Պապյանն ասաց. «Հեղափոխություն կարող է լինել Հայաստանում, որը փոքր երկիր է և ուրիշ ավանդույթներ ունի: Իսկ եթե Ռուսաստանում բունտ սկսվեց, էնտեղ արյուն է թափվելու, խաղաղ չի ընթանալու Հայաստանի նման, որովհետև Ռուսաստանը կայսրություն է՝ բաղկացած տարբեր ազգությունների, կրոնների ժողովուրդներից, ինչպես նաև՝ բավականին իրարամերժ շահեր ունեցող տարածաշրջանից: Հետևաբար՝ տեղական էլիտաները կարող են շատ կոշտ քայլերի դիմել և դա հանգեցնի քաղաքացիական պատերազմների կամ բախումների: Շատ հնարավոր է, որ նման բան տեղի ունենա»: 

Մարինե Խառատյան   

 

 

newsarmenia.am

Ձեզ կհետաքրքրի...