«Մոնթե Մելքոնյան»-ը 15 աղջիկ դիմորդ ունի. հայոց բանակի ապագա կին զինվորականները
Նրանք երկուսն էլ ապրում են սահմանակից տարածքներում՝ մեկը Արցախում, մյուսը՝ Տավուշում, նրանց երկուսի համար էլ հակառակորդը հեռավոր մի տեղում չէ, այլ իրենցից ոչ հեռու, նրանք երկուսն էլ դեռ իրար չեն ճանաչում, բայց «Մոնթե Մելքոնյան» վարժարանում կարող են համակուրսեցի դառնալ։ Սաթենիկի ու Մելինեի զինվորական դառնալու ցանկությունը մեկի շրջապատում զարմանքով են ընդունել, մյուսի՝ ոչ այնքան։
Սաթենիկ Հասրաթյանը մանկուց երազել է զինվորական դառնալ։ Հասուն տարիքում արդեն հստակ է որոշել՝ ընտրելու է ռազմական ուղին։ Դպրոցում բոլորը գիտեին Սաթենիկի երազանքի մասին։ Դեռ մեկ տարի առաջ սկսեց պարապել, որ դպրոցն ավարտելուց հետո ընդունվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, բայց երբ իմացավ,որ կարող է «Մոնթե Մելքոնյան» վարժարանում սովորել, որոշեց այստեղ գալ։ Ընտանիքը առարկություն չուներ․ հայրը զինվորական է, զինվորական նիստուկացին Սաթենիկը ծանոթ է մանկուց։ Ծնունդով գորիսեցի է, բայց ապրում է Արցախում՝ Քաշաթաղի շրջանում։
-Ծնողներս աջակցում են ինձ, «Մոնթե Մելքոնյանը» ավարտելուց հետո կշարունակեմ արդեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Ցանկությունս շատ մեծ է։ Շատ բաժիններ կան` կապավոր, դիպուկահար, բայց ես ուզում եմ դառնալ հետախույզ:
–Ի՞նչ հատկություններ պետք է ունենա հետախույզը:
-Պատասխանատվություն, գաղտնապահություն ու միշտ զգոն լինի։
Տավուշի մարզի Հաղարծին գյուղում երբ լսեցին, որ Մելինե Թամրազյանը ցանկանում է զինվորական դառնալ, զարմացան։ Դե, գյուղում դեռ չեն հաշտվում այն մտքի հետ, որ աղջիկն էլ կարող է լավ զինվորական դառնալ։ Մելինեի մայրը մեզ հետ զրույցում անկեղծացավ. աղջկանից ավելի շատ է ուրախացել, որ նա «Մոնթե Մելքոնյան» վարժարանի սան է դառնալու։
Մի պահ զարմացա, բայց հետո պարզվեց, որ դա նաև մոր երազանքն է եղել։
-Ամուսնիս համաձայն չէր, դե մենք գյուղում ենք ապրում… բայց ի վերջո համոզվեց։
-Այսնիքն՝ աղջիկը հաղթեց։
— Աղջիկը և մայրիկը։ Ես էլ դեռ փոքրուց սիրել եմ զինվորական հագուստը, ծնողներս չթողեցին, որ ես դառնամ զինվորական։ Հիմա աղջիկս ի կատար է ածում իմ երազանքը։
Լսափողից այն կողմ Մելինեն է, ասում է՝ ամեն անգամ, երբ հագնում էր զինվորական հագուստը լուսանկարվելու համար, միշտ երազում էր, որ այն մի օր որպես զինվորական հագնի։
«Դե եթե ես ընտրել եմ այս ուղին, ապա ամեն դժվարության պատրաստ եմ։ Դասարանցիներս զարմացան, քանի որ գյուղի միակ աղջիկն եմ, որ գնում է ռազմական վարժարան»,- ասում է նա։
Մելինեի համար ոգեշնչման աղբյուրը հենց արցախյան ազատամարտի հերոսներն են։
«Շատ- շատերից եմ ես ոգևորվել և իրենց ուժը տեսնելով՝ ավելի հստակ եմ որոշել, որ պետք է զինվորական դառնամ։ Բայց ամենաշատը ոգեշնչվել եմ հենց Մոնթե Մելքոնյանից»։
Զրուցակիցներիս նույն հարցն եմ տալիս. պատրա՞ստ են դիմակայել բոլոր փորձություններին, քանի որ զինվորականի ճանապարհը դժվար է ու պատասխանատու։ Նրանք զարմանում են իմ հարցից, ասում են՝ եթե ընտրել են այս ուղին, շատ լավ գիտակցում են պատասխանտվության չափը և հնարավոր դժվարությունները։
Այս պահի դրությամբ վարժարան ընդունվելու համար հայտ է ներկայացրել 15 աղջիկ։ Վարժարանի ուսումնական մասով փոխտնօերն Արթուր Կարապետյանն ասում է, որ վերջին տարիներին մեծ է եղել հատկապես աղջիկների՝ վարժարանում սովորելու ցանկությունը։ Բայց միայն այս տարի է Հոգաբարձուների խորհուրդը որոշել աղջիկ դիմորդների ընդունելություն կազմակերպել։
«Անցյալ տարի մոտ 40 աղջիկ դիմորդ ունեինք, բայց դե ընդունելություն չկար,հետևաբար մերժեցինք», — ասում է Արթուր Կարապետյանը:
Վարժարանի սաներին դասավանդելու են կին սպաները, քանի որ նրանց դասապրոցեսը փոքր-ինչ տարբերվելու է տղաների կուրսից։
Արթուր Կարապետյանն ասում է, որ դեռ ընդունելության փուլը չի ավարտվել, բայց արդեն 170 դիմորդ ունեն՝ 130 տեղի համար։ Նրանք միայն բուժզննում անցնելուց հետո կարող են մասնակցել ընդունելության քննությանը։
Զրուցակիցս նշում է նաև, որ այս տարի վարժարանն ավարտած սաների 85 տոկոսը դիմել է ռազմական բուհեր, ինչը վերհաստատում է այն գիտակցումը, որ զինվորականի մասնագիտությունը մեր երկրում շատ կարևոր է։
Վարժարանում ընդունելության քննությունները կմեկնարկեն օգոստոսին, և արդեն սեպտեմբերին պարզ կլինի, թե աղջիկներից ովքեր են հաղթահարել ռազմական բարձունքներ տանող ճանապարհը։
hy.armradio.am