Հրշեջ-փրկարարները մարել են Արենի, Չիվա և Ռինդ գյուղերի միջնամասում բռնկված հրդեհը
Հուլիսի 5-ին, ժամը 20:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի, Չիվա և Ռինդ գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ։
Առկա է ուժեղ քամի, ինչը կարող է նպաստել հրդեհի տարածմանը դեպի գյուղի այգիներ։
Ժամը 21:17-ին հայտարարվել է հավաք. հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով 29 փրկարար ծառայող և տեղի 40 բնակիչներ, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը դեպի այգիներ:
Նախնական տվյալներով այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք։
Ժամը 23:43-ի դրությամբ հրդեհը մեկուսացված է։ Մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են. տեղում իրականացվել է հերթապահություն։
Հուլիսի 6-ին, ժամը 05։30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ ժամը 05։52-ին հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը։
Այրվել են մոտ 70 հա խոտածածկույթ և մեկ էլեկտրական սյուն։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ռինդ, Չիվա և Արենի գյուղերի 40 բնակիչ: