Մամեդյարովից «խլում են» ԱԳՆ-ն. «անատամ դիվանագիտության» հետեւանքները

Mamedyarov

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հուլիսի 3-ին հատուկ գործողություն է իրականացրել երկրի արտաքին գործերի նախարարությունում: Ծառայության պաշտոնական հայտարարության մեջ նշվում էր, որ օպերատիվ-քննչական միջոցառումներն իրականացվում են ՊԱԾ տեղեկատվության հիման վրա, համաձայն որի՝ «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության որոշ պաշտոնյաներ միտումնավոր օգտագործել են իրենց լիազորությունները ծառայության շահերի դեմ եւ կատարել են բազմաթիվ ապօրինի գործողություններ, որոնք էականորեն վնասում են հասարակության եւ պետության շահերին»։

Ավելի ուշ ՊԱԾ-ը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ ձերբակալվել են գործերի կառավարման վարչության պետ Ֆարհադ Մոլազադեն, տնտեսական բաժնի ղեկավար Սալիմ Ալիզադեն, հյուպատոսական-իրավաբանական բաժնի ղեկավար Նուրուփաշա Աբդուլաեւը: Լրատվամիջոցները, մինչ այդ հղում անելով իրենց աղբյուրներին, պնդում էին, թե ձերբակալվածների թվում են նաեւ ԱԳՆ ֆինանսական վարչության պետ Լամիյա Ջանահմադովան, Ամերիկյան երկրների վարչության պետ Անար Ջանահմադովը, ինչպես նաեւ Եվրամիության գծով վարչության պետ Էլհան Ազաեւը:

Մոլազադեն ձերբակալվել է կոռուպցիայի ու ֆինանսական խարդախությունների մեղադրանքով: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը մի քանի փաստաթուղթ է հրապարակել, որոնցից հետեւում է, որ գործերի կառավարման վարչության պետը արտերկրում գտնվող դիվանագետների համար նախատեսված գումարներ է յուրացրել: Աբդուլաեւը կաշառքներ է վերցրել օտարերկրյա քաղաքացիների մուտքի էլեկտրոնային վիզաների ձեւակերպման համար։ Լամիյա Ջանահմադովայի (Անար Ջանահմադովը տիկնոջ) մասնակցությամբ ձայնագրություն է տարածվել, որում նա նախարարի անունից հրահանգում է Ադրբեջանի բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին հաստիքային աշխատողների քանակով հաշվով 250-ական մանաթ (մոտ 150 ԱՄՆ դոլար) փոխանցել նախարարության հյուպատոսական հաշվին՝ իբր Կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին փոխանցելու նպատակով։

Գրեթե միանշանակ կարելի է պնդել, որ ՊԱԾ գործողությունն ու բացահայտումներն ուղղված են Մամեդյարովի դեմ: Վերջին անգամ, երբ ՊԱԾ-ը նմանատիպ գործողություն իրականացրեց պետական գերատեսչությունում՝ մշակույթի նախարարությունում, մի քանի աշխատակիցներ ձերբակալվեցին, իսկ նախարարը պաշտոնանկ արվեց:

Այժմ էլ ԶԼՄ-ներում շրջանառվող գրեթե բոլոր անձանց անուններն այս կամ այն կերպ կապված են նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նշվում է, որ Մոլազադեն եւ Ջանահմադովը (Լամիյայի ամուսինը) Մամեդյարովի ընկերներն են, իսկ Ալհան Ազաեւի հետ նախարարը 2008թ. շինարարական բիզնես է սկսել՝ գրանցելով «Դիպլոմատ» կոոպերատիվը: «Դիպլոմատը» հետագայում մի շարք ծրագրեր է իրականացրել Բաքվի կենտրոնում: Հատկանշական է, որ այդ ընկերությունը գտնվում է արտգործնախարարության Հյուպատոսական բաժնի հարեւանությամբ, իսկ պետռեգիստրում նշված է, որ դրա պաշտոնական ներկայացուցիչը Էլհան Ազաեւն է:

Մամեդյարովի դեմ արշավը նոր չէ սկսել, սակայն վերջին ամիսների ընթացքում զգալիորեն ակտիվացել է: Մայիսին ադրբեջանական մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել առ այն, որ Մամեդյարովի որդին Նյու Յորքում ավելի քան 4 միլիոն դոլար արժողությամբ երկու շքեղ բնակարան է գնել: Որդին այդ լուրը չմեկնաբանեց, իսկ Մամեդյարով ավագը դիմեց ՊԱԾ՝ հորդորելով հայտնաբերել եւ պատասխանատվության ենթարկել իր ընտանիքի դեմ հակաքարոզչություն իրականացնողներին: Դրա փոխարեն ծառայությունը գնաց Մամեդյարովի ղեկավարած գերատեսչություն՝ ակտիվացնելով արտգործնախարարի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ քննարկումները: Տրամաբանությունը պարզ է. եթե նախարարությունում նման իրավիճակ է տիրում, ապա կա՛մ նախարարը տեղյակ է եւ ունի իր մասնաբաժինը կատարվող «գործարքներից», կա՛մ տեղյակ չէ, փաստացի չի տիրապետում իր ղեկավարած գերատեսչության իրավիճակին: Երկու դեպքում էլ նա պետք է առնվազն պաշտոնանկ արվի:

Մամեդյարովին փոխարինելու մասին խոսակցությունները կրկին առաջ էին բերվել 2019թ. վերջին Ադրբեջանի ներիշխանական կլանային վերադասավորումների մեկնարկով: Որպես նրա հավանական փոխարինող՝ հաճախ հնչում էր նախկինում Ադրբեջանի ԱԳՆ-ի լրատվական ծառայության ղեկավար, այժմ զբաղեցնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիեւի անունը: Դրա օգտին էր խոսում նաեւ այն, որ Մնացականյան-Մամեդյարով ապրիլյան տեսակոնֆերանսից հետո մի շարք ադրբեջանցի պատգամավորներ եւ քաղաքական գործիչներ սկսեցին խոսել դիվանագիտական պարտության, «անատամ դիվանագիտության» մասին՝ քննադատության թիրախ դարձնելով Մամեդյարովին եւ գովեստի խոսքերի արժանացնելով Հիքմեջ Հաջիեւին:

Պատահական չէ, որ ՊԱԾ-ը ԱԳՆ ներխուժեց Մնացականյան-Մամեդյարով վերջին տեսակոնֆերանսից մի քանի օր անց: Դրանից հետո պարզ դարձավ, որ ներկայիս նախարարը վերջնականապես եւ անվերադարձ տապալել է գլխավոր խնդիրը՝ «տարածքային ամբողջականության» սկզբունքի ներքո հակամարտության ռազմական լուծման «լեգիտիմությունն» ապահովելը: ՊԱԾ այս գործողությունից հետո Հաջիեւին եւ նրա քաղաքական հովանավորներին ամենայն հավանականությամբ կհաջողվի հեռացնել անցանկալի նախարարին եւ սեփական վերահսկողության տակ վերցնել «Ադրբեջանի ԱԳՆ» շահութաբեր ձեռնարկությունը:

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...