«Մոդեռնա»-ի պատվաստանյութը ամենահավանական վերջնական արդյունքը կարող է լինել. Թորոսյան

Moderna

«Ավիֆավիրը» և «Ռեմդեսիվիրը» պատվաստանյութ չեն, այլ հակավիրուսային դեղեր են՝ ասուլիսի ժամանակ տարածված սխալը փորձեց ուղղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ աշխարհում ընթանում է և՛ պատվաստանյութերի, և՛ դեղորայքի մշակում ու փորձարկում:

Նախարարը հայտնեց, որ գնել են «Ռեմդեսիվիրի» խմբաքանակ, որը 10 օրից Հայաստանում կլինի: Ռուսական «Ավիֆավիրի» խմբաքանակ գնելու բանակցություններ են ընթանում, նաև ճապոնական  «Ֆավիպիրավիր» են ստացել, որի կիրառումը շուտով կսկսվի:

«Աշխարհում այս պահին մշակվում է մոտ 200 պատվաստանյութ, որոնցից շուրջ 20-ը վերջնական արդյունքի մեծ շանս ունեն: Հանրային առողջապահության մասնագետները համարում են, որ ամեն դեպքում պատվաստանյութ լինելու է, և այդ համոզումը կարևոր է: Դա առաջացել է ժամանակի ընթացքում, մինչդեռ համավարակի սկզբում այն չկար ու անորոշություն էր: Երկրները քննարկում են ապագա, վերջնական հաստատված պատվաստանյութերի գնման հարցերը, և «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը դրանցից մեկն է՝ ամենահավանական վերջնական պրոդուկտներից մեկը»,- ասաց Թորոսյանը՝ ընդգծելով, որ այլ խոշոր արտադրողների պատվաստանյութեր էլ կան, և Հայաստանը տարբեր հիվանդությունների համար օգտագործել է աշխարհի լավագույն պատվաստանյութերը:

Պատվաստանյութերը մարդկության պատմության մեջ երբևէ հայտնաբերված ամենաանվտանգ բժշկական միջամտություններն են՝ դրանց վնասների մասին հարցին ի պատասխան՝ նշեց նախարարը:

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան

Ձեզ կհետաքրքրի...