Կրծքագեղձի Քաղցկեղի Վիրահատության Նոր Եղանակը Կբացառի Դրա Կրկնակի Զարգացումն Ու Կբացահայտի Մետաստազները

Krcqageghdz

Ուռուցքը հեռացնելուց հետո քաղցկեղային հյուսվածքի նույնիսկ շատ փոքր մասնիկը, որը մնում է, մեծացնում է հիվանդության կրկնության և տարածման ռիսկը։ Թեև նման վիրահատությունների ժամանակ, որպես կանոն, ուռուցքին զուգահեռ հեռացնում են նաև դրա շուրջբոլորը գտնվող առողջ հյուսվածքներից մի փոքր հատված (կոչվում է բացասական կամ մաքուր մարժա), այնուամենայնիվ չափազանց դժվար է որոշել ախտահարված բջիջների սահմանները։ Իսկ դրանց տեղորոշման ժամանակակից մեթոդները դեռևս հուսալի չեն։ Սա բժշկության մեջ լրջագույն խնդիր է, որին բախվում են բազմաթիվ բժիշկներ։

Փենսիլվանիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները քաղցքեղի վիրահատության մեջ նոր տեխնոլոգիա են մշակել, որը բժիշկներին կօգնի պարզ տեսնելու՝ արդյո՞ք հեռացված ուռուցքի շուրջբոլորը մնացել են ախտահարված բջիջներ թե ոչ։ Հետազոտողներն առաջարկում են վիրահատության ժամանակ օգտագործել ԱՄՆ-ի Պարենի և դեղերի վարչության (FDA) կողմից հաստատված ինդոցիանին կանաչ ներկանյութը (indocyanine green-ICG), որը մոտ հեռավորության վրա գտնվող ինֆրակարմիր լույսից փայլում է։ Ըստ նրանց, այս ներկանյութը կուտակվում է ինչպես ուռուցքի, այնպես էլ ախտահարված ավշային հանգույցների վրա։

Գիտնականները նման եզրահանգման են եկել երկարատև ուսումնասիրությունների և շների վրա փորձարկումների արդյունքում։ «Այս փորձարկումներն ունեն երկու հիմնական առավելություն, – նշել է հետազոտության համահեղինակ Դեյվիդ Հոլթը,- նախ շները հիանալի մոդել են մարդու կրծքագեղձի քաղցկեղի համար, և երկրորդ՝ այդպիսով մենք կարող ենք շոշափելի օգուտներ տալ այս կենդանիներին»։

Գիտնականներն ընտրել են 41 շան և հեռացրել նրանց ուռուցքները։ Վիրահատությունն արվել է սովորական եղանակով, միայն թե նախորդ օրը շներին ներարկել են ինդոցիանին կանաչ։ Ուռուցքը հեռացնելուց հետո ինֆրակարմիր լույսի տակ նրանք ուսումնասիրել են վերքերը՝ ներկանյութի հետքերը գտնելու համար։ Կենդանիների ուռուցքները հեռացնելու ժամանակ վիրաբույժներն ավելի մեծ սահմաններով են կատարում վիրահատությունը և հեռացնում են ուռուցքին մոտ գտնվող ավելի շատ առողջ հյուսվածքներ՝ ի տարբերություն մարդու կրծքագեղձի վիրահատության, որի ընթացքում սահմանները հնարավորինս նեղացվում են։ Ուստի, վիրահատությունից հետո գիտնականները հեռացված ուռուցքի մոտակայքում ներկանյութի հետքեր չեն հայտնաբերել և արձանագրել են, որ այն հավաքվել է ավշային այն հանգույցներում, որոնք նույնպես ախտահարված են եղել։

Հղումը՝ այստեղ

Ըստ գիտնականների, եթե հնարավոր լինի ինդոցիանին կանաչը ներարկել միայն հավանական ախտահարված ավշային հանգույցների մեջ, ապա կարիք չի լինի այլևս հեռացնելու բոլորովին առողջ հյուսվածքները, բացի այդ՝ հնարավոր կլինի միանգամից հայտնաբերելու և հեռացնելու մետաստատիկ ուռուցքները։

Այս մեթոդի արդյունավետության ու անվտանգության հետ կապված ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են՝ վստահ լինելով, որ մոտ ապագայում այն կփորձարկվի նաև մարդկանց վրա և լիովին կարդարացնի իրեն։

Արդյունքներն հրապարակվել են Plos One պարբերականում։

 

ita.am

Ձեզ կհետաքրքրի...