Հայտնի է ԱՀԿ-ից ԱՄՆ պաշտոնական դուրս գալու ամսաթիվը
Վաշինգտոնը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին տեղեկացրել է, որ 2021 թվականի հուլիսի 6-ին ԱՄՆ-ը դուրս է գալու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Միացյալ Նահանգները ԱՀԿ-ին է միացել 1948 թվականի հունիսի 21-ին:
Ապրիլի կեսին Սպիտակ տունը դադարեցրել էր ԱՀԿ-ի ֆինանսավորումը և զգուշացրել, որ այդ միջոցն ուժի մեջ կլինի այնքան ժամանակ, մինչև «հետաքննվեն» կորոնավիրուսի տարածումը թաքցնելու և դրան արձագանքելու հետ կապված սխալները:
Մայիսի վերջին Թրամփը հայտարարեց ԱՀԿ-ի հետ համագործակցության դադարեցման մասին՝ բացատրելով, որ կազմակերպության ղեկավարությունը հրաժարվել է իրականացնել այն բարեփոխումները, որոնք պահանջում էր Միացյալ Նահանգները:
Նախագահական ընտրություններում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենն էլ խոստացել է, որ իր հաղթանակի դեպքում կվերականգնի երկրի անդամակցությունը ԱՀԿ-ին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Ըստ Բայդենի՝ ԱՄՆ քաղաքացիները իրենց ավելի ապահով են զգում, երբ երկիրը զբաղվում է համաշխարհային առողջապահության ամրապնդմամբ: