Ոստիկանության Վարդենիսի բաժնի դիմաց դանակահարել են ոստիկանության ավագ սերժանտին
Երեկ՝ հուլիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին է մտել Ծովակ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Արտակ Մանուկյանը և ոստիկանության հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության հերթապահ մասի տեսուչ հերթապահը նրան հրավիրել է դուրս, սակայն մուտքի դռան մոտ Ա. Մանուկյանը շարունակել է գոռգոռալ ու հայհոյել, միաժամանակ բռունցքներով հարվածել մուտքի դռանը։ Տեսնելով, որ նա շարունակում է այդկերպ վարվել, ոստիկանության բաժնում գտնվող ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող դասակի ոստիկան՝ 31-ամյա Հակոբ Դալարյանը դուռը բացելով՝ նրան հրավիրելու նպատակով մոտենում է Ա. Մանուկյանին՝ փորձելով հանգստացնել նրան, սակայն վերջինս իր մոտ եղած դանակով հարվածում է Հ. Դալարյանի ձախ ազդրին և կրծքավանդակին՝ պատճառելով վնասվածքներ։ Ոստիկանության ծառայողը բժշկական օգնություն ստանալով նպատակով տեղափոխվում է Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ Ա. Մանուկյանը բերման է ենթարկվում ոստիկանություն։