28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչն իր աշխատասենյակում նույն բաժանմունքում բուժվող հիվանդի ծնողներին՝ իրենց որդու առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել, որի ընթացքում վերջինիս հայրը՝ Երևան քաղաքի 29-ամյա բնակիչը, վիճաբանության մեջ է մտել բժշկի հետ՝ դժգոհ լինելով որդու առողջական վիճակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներից: Վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել բժշկի նկատմամբ. գլխով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է վերջինիս քթին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130.1-րդ հոդվածի (բուժաշխատողների մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: