«Ազգային ինքնության» ձևախեղված հիմքերը. armtimes

Azgayin inqnutyun

 Վերջին շրջանում ընդդիմությունն ավելի ու ավելի հաճախ է շրջանառում այն թեզը, թե իբր ապրիլյան հեղափոխությունը Հայաստանի դեմ միջազգային «մութ ուժերի» կազմակերպած դավադրության հերթական օղակն էր, նպատակն էլ այն է, որ մինչեւ վերջ քայքայվեն մեր պետականության եւ ազգային ինքնության հիմքերը՝ բանակը, կրթությունը, ընտանիքը, եկեղեցին եւ այլն։

Այս քարոզչությունը բավականին արդյունավետ է աշխատում, որովհետեւ հասարակությունն իսկապես շատ ցավոտ է ընկալում բոլոր այն խնդիրները, որոնք կապված են այդ ինստիտուտների հետ։ Առավելեվս, որ նախորդ տասնամյակներում հասարակությունն ինքն է փորձել պահպանել այդ ինստիտուտները՝ հաճախ ի հեճուկս իշխանությունների։

Սկսենք կրթությունից։ Հետաքրքիր է՝ այդ ի՞նչ համակարգ են փորձում քանդել «նորերը»: Այն համակա՞րգը, որտեղ հանրակրթական դպրոցների հիմնական ֆունկցիան ընտրակեղծիքներ ապահովելն էր, տնօրենների գնահատման հիմնական չափորոշիչն իշխող քաղաքական ուժին բերած ձայների տոկոսն էր, բուհերն էլ վերածվել էին երիտհանրապետականների որջերի ու «սաքուլիկներ» էին բուծում։

Դրա համար էլ աշխարհի 300 լավագույն բուհերի ցանկում հայաստանյան որեւէ բուհ չկար ու հիմա էլ չկա, բայց փոխարենը մեկը մեկից փայլուն «խորհրդի ղեկավարներ» ունեին՝ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը…

Ու չգիտես ինչու՝ այդպիսի «ազգային» համակարգի պայմաններում գրեթե բոլոր բարձրաստիճաններն իրենց զավակներին ուղարկում էին արտասահմանյան բուհեր, իսկ մեր բուհերում իսպառ վերացվում էր բանակից տարկետման իրավունքը։

Բանակի մասին։ Երեւի «նորերը» փորձում են քանդել այն բանակը, որի զինվորների բոլոր կարիքները հոգում էին ծնողները՝ համազգեստից ու սննդից սկսած, հրամանատարների մեքենաների բենզինով ու «զապչաստով» վերջացրած, իսկ գեներալների մեծ մասը պարզապես ֆեոդալների էին վերածվել ու օգտագործում էին զինվորների ձրի աշխատուժը։ Իսկ հիմա այդ համակարգում կատարվող ցանկացած փոփոխություններ կայացվում է որպես «բանակի կազմաքանդում»:

Կամ գուցե նախկինում «ավանդական հայկական ընտանեկան արժեքնե՞րն» էին լավ պաշտպանվում։ Դե իհարկե։ Հետո՞ ինչ, որ տասնյակ հազարավոր ընտանիքներ տարիներով ընտանիքի հոր երեսը չէին տեսնում, իսկ արտագնա աշխատանքի մեկնածների ուղարկած փողերով երկիր պահելը գրեթե պաշտոնապես ընդունված էր որպես տնտեսական քաղաքականության ռազմավարական ուղղություն։

Երեւի նրանք ավանդական հայկական ընտանիքը հենց այդպես են պատկերացնում՝ ամուսինը պիտի դրսերում «փող աշխըդի», կինը Հայաստանում միայնակ մեծացնի երեխաներին, պետական պաշտոնյաներն էլ տեսախցիկների առջեւ պարծենան, թե «լավ եմ արել՝ լեւի եմ գնացել»:

Եվ ընդհանրապես, ազգային արժեհամակարգի մասին խոսելու իրավունք ունի ով ասես՝ բացի նրանցից, ովքեր, օրինակ, Թուրքիայի նախագահի այցի առթիվ անջատել էին տալիս Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լույսերն ու ֆուտբոլի ֆեդերացիայի զինանշանից հեռացնում Արարատ լեռան պատկերը։ Մինչդեռ հիմա ամենաակտիվը հենց սրանք ու սրանց կողմնակիցներն են խոսում «ազգային ինքնության հիմքերը խարխլելու» մասին։

Հայաստանն այսօր առկա մարտահրավերներին դիմակայելու միայն մի ձեւ ունի՝ պիտի դառնա ժամանակակից պետություն։ Այո, այդ ճանապարհին ինչ-ինչ ավանդական պատկերացումներ գուցե կարող են ձեւախեղվել, բայց աշխարհը նաեւ ազգայինը պահպանելով գերժամանակակից պետություն դառնալու փայլուն օրինակներ ունի, եւ Հայաստանը հենց այդ ճանապարհով էլ պիտի գնա։ Առանց ախկինների կեղծ մտահոգությունները հաշվի առնելու, բայց նաեւ՝ առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու։

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...